Ամանորը արտերկրում անցկացնել ցանկացող հայերը դեռ զգալի թիվ են կազմում: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները տուրիստական գործակալությունների շրջանում:

Նրանք հիմնականում մեկնում են Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանան, Եգիպտոս, Շրի Լանկա, Վրաստան, Եվրոպական մի շարք երկրներ` Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա եւ այլն: Ամանորը եւ տոն օրերը արտերկրում նշելը հայերին գրավում է մի շարք առումներով: Նախ, արտերկրի հյուրանոցները ավելի մատչելի են, քան Հայաստանինը, բայց արտերկրի դեպքում բարձր է ավիատոմսի գինը: Սակայն հնարավորություն ունենալու դեպքում Ամանորն անցկացնելու համար նախատեսված գումարի վրա ավելացնելով մի փոքր գումար` մարդը մեկնում է արտերկիր` իմանալով,որ այնտեղ կլինի յուրօրինակ եւ հետաքրքիր Ամանոր: Դրանից բացի` մի շարք երկրների դեպքում մարդկանց գրավում է ամառային նոր Ամանորը. ծովափնյա հանգիստը, տաք եղանակը:

«Ռիմա թրավել» տուրիստական գործակալության  տնօրեն Ռիմա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեզ մոտ միակ տեղն է, ուր ավիատոմսերը այդքան թանկ են, դա ավելացնում է նաեւ «օդի փողը»: Դուբայում, Եգիպտոսում, Հորդանանում, Շրի Լանկայում 10-օրյա հանգիստը մեկ հոգու դեպքում 800-1600 դոլար է, վաղ պատվիրողները շահում են, ուշ պատվիրողները` տուժում: «Եթե ավիատոմսը չհամեմատենք, ապա հյուրանոցային սպասարկումը եւ սննդի սպասարկումը արտերկրում շատ բարձր է, համեղ եւ որակով: Հայաստանի հյուրանոցների գները շատ բարձր են, համեմատելու չէ դրսի գների հետ: Այստեղ օրը 41 հազար դրամով հյուրանոց վերցնելը հանցագործություն է, դրսի հյուրանոցները շատ մատչելի են` 25 դոլարով կարելի է Դուբայում հյուրանոց գտնել»,- ասաց Ռիմա Խաչատրյանը: Տնօրենի խոսքով` խնդիրն այն է, որ Հայաստանում հյուրանոցները չեն կարողանում աշխատել տուրիստական գործակալությունների հետ, եթե ամբողջ աշխարհում հյուրանոցային տեղերը տուրօպերատորներին վաճառում են շատ ցածր գներով, մեզ մոտ հյուրանոցները փորձում են իրենք վաճառել իրենց «համարները»: Ամանորն արտերկրում անցկացնելու առավելություններից մեկն էլ անիմացիաներն են, շոու ծրագրերը: Տնօրենը նշեց, որ արտերկրում հյուրանոցի տարածքում օրը հետաքրքիր անցկացնելու համար բազմաթիվ միջոցներ կան, իսկ այստեղ շատ դեպքերում երկու օր կարելի է քնել, իսկ մնացած օրերին ոչինչ չկա անելու:

«Դոլչե» տուրգործակալությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նախորդ տարիների համեմատ` բարձրացել է ավիատոմսերի գները, ինչը պատճառ է հանդիսացել, որ ավելի քիչ մարդ դիմեն մեկնելու համար, չկան նաեւ ակցիաներ: Ամանորին Եգիպտոսում 9-օրյա հանգիստը մեկ անձի համար սկսվում է 1200 դոլարից, Դուբայում 7-օրյա հանգիստը`  1000-1500 դոլար:

«Արիատուրից» NEWS.am-ին հայտնեցին, որ  մեկ հոգու համար 7-օրյա հանգիստը Վրաստանում 500-550 եվրո է: 2 հոգու համար 7-օրյա հանգիստը Հորդանանում 2000 դոլար է, Դուբայում` 3000 դոլար, Եգիպտոսում` 2600 դոլար: «Ալո» տուրից NEWS.am-ին հայտնեցին, որ շատ են Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Անգլիա մեկնել ցանկացողները: Գները տարբեր են, ամեն մեկը կարող է գտնել իր գրպանին համապատասխան, 7-օրյա հանգիստը մեկ հոգու համար սկսվում է մոտ 350 հազար դրամից:

«Արմենտուրից» հայտնեցին, որ նախորդ տարի ավելի շատ մարդիկ էին դիմում արտերկրում հանգստանալու համար: Հիմնականում ցանկանում են մեկնել եվրոպական երկրներ` Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Ֆրանսիա, որտեղ մեկ հոգու համար 7-օրյա հանգիստը սկսվում է 2000 եվրոյից:

«Դուբայտուր» գործակալության մենեջեր Հերմինեն նշեց, որ հակառակը`  դիմողների նվազում չի նկատվում, եթե ոչ նույն քանակությամբ,ապա հաստատ ավելի շատ մարդիկ են դիմում արտերկիր մեկնելու համար: Գնում են Վրաստան, ԱՄԷ, Եգիպտոս, մեկ հոգու համար այս վայրերում 7-օրյա հանգիստը սկսվում է 800-900 դոլարից:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր Հայաստանում հանգստի պայմանները, գները: