«Հրապարակը» գրում է, թե ՀՀԿ-ն ողջ շաբաթ նախատոնական ուտուշ-խմուշների մեջ է լինելու: Ռելաքսը մեկնարկել է շաբաթ օրը. ՕԵԿ համագումարից հետո «Կովկաս» ռեստորանային համալիրում հավաքվել են ՕԵԿ ու ՀՀԿ ակտիվը` ողջ գործադիր մարմնով հանդերձ, բացակայել են միայն Կարեն Կարապետյանն ու Դերենիկ Դումանյանը. այդ օրը վերջինիս քրոջ դստեր հարսանիքն էր:
Կոալիցիոն գործընկերները լավ «տժժացել» են, նույնիսկ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն են մի լավ պարել: ՕԵԿ համագումարին նրանք ցուցադրաբար միասին են եկել եւ միասին գնացել: Ամբողջ համագումարի ժամանակ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Բագրատը «ձեռքերի վրա» պահել է Արգամիչի վերարկուն, որ հենց համագումարն ավարտվի, հագցնի մրսող շեֆին: Մյուս կարկառուն ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Գալուստ Գրիգորիչ, կոստյումներով են եղել:
Ի դեպ, «Կովկասից» նախ Տարոն Մարգարյանն է ուղեւորվել «Փարվանա», ապա՝ ՀՀԿ ակտիվը, որպեսզի մասնակցի Երեւանի Ամանորի միջոցառմանը: Այստեղ առաջին կենացը խմել են նախագահի, երկրորդը՝ կառավարության կենացը, Հովիկ Աբրահամյանին մղելով երկրորդ պլան: Ու քանի որ քեֆ անողին քեֆ չի պակսում, այսօր երեկոյան էլ Լոնդիկին պատկանող «Ռենեսանս» ռեստորանային համալիրում է ՀՀԿ-ն իր գործընկեր OԵԿ-ի հետ «տժժալու»:





























