Ավանդական սուրբծննդյան երգեր են երգել Հունաստանի վարչապետի, նախագահի եւ կառավարության համար: Ավանդույթի համաձայն՝ ղեկավարները պետք է  երգողներին մետաղադրամներ եւ քաղցրավենիք տան:

Նախագահական պալատում Կարոլոս Պապուլյասի համար երգել են չորս անգամ. սկզբում զինված ուժերի եւ ազգային գվարդիայի երգչախումբը, հետո մանկական երեք խմբեր: Երբ պետության ղեկավարի առաջ ելույթ է ունեցել քաղցկեղով հիվանդ երեխաների միության «Հույս» երգչախումբը, Պապուլյասը չի կարողացել զսպել արցունքները:

Վարչապետ Անտոնիս Սամարասը եւ նրա կին Գեորգիան լսել են Կրետեի երգչախմբի կատարմամբ երգեր, խումբը նաեւ քաղաքական բնույթի երգեր է կատարել՝ հետեւյալ խոսքերով.

 «Այս կոալիցիայի բախտը չբերեց…

Ժողովուրդը խնդիրներ ունի, աչքերից արցունք է հոսում-

Ստուրնարասի (ֆինասների նախարար) քաղցր ելույթներից:

Բայց երկրի վրայի մութ ամպերը ցրվում են,

Հույսն արեւի պես ծագում է»:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ վարչապետը ելույթը հումորով է ընկալել, քաղաքական հայտարարություններ չի արել, այլ նվերներ է բաժանել ու բոլորին երջանիկ Սուրբ ծնունդ մաղթել: