ԱՄՆ-ում կտրուկ աճել է AR-15 ինքնաձիգների փամփուշտների վաճառքը: Նախորդ շաբաթվա երեք օրում ամերիկացիները հրազեն վաճառող խոշորագույն Brownells ընկերությունից այնքան փամփուշտ են գնել, որքան սովորաբար վաճառվում է 3,5 տարվա ընթացքում:
Վաճառքը կտրուկ ավելացել է Քոնեքթիքութ նահանգի Նյութաուն քաղաքի «Սենդի Հուք» դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո, որտեղ 20-ամյա Ադամ Լենզան դեկտեմբերի 14-ին գնդակահարել էր 20 երեխաների եւ 7 մեծահասակների, օգտագործելով իր մորը պատկանող Bushmaster AR-15 հրացանը, գրում է Lenta.ru-ն:
Այդ դեպքից հետո ԱՄՆ-ում բուռն քննարկում է սկսվել քաղաքացիների կողմից հրազենի ձեռքբերման սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ:
Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ երկրի նախագահ Բարաք Օբաման կողմ է արտահայտվել կիսաավտոմատ զենքի վաճառքի սահմանափակումներ մտցնելուն:





























