Ուգո Չավեսի առողջական վիճակը «մի փոքր լավացել է», բժիշկները նրան «լիարժեք հանգիստ» են խորհուրդ տալիս: Այդ մասին հայտնել է կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասը:

Նա նաեւ հաղորդել է, որ «նախագահը մշտական կապ է պահում մերձավորների հետ»: Չավեսը վերլուծել  է դեկտեմբերի 16-ի ընտրությունների արդյունքները եւ  մշտապես տեղեկություններ է ստանում երկրի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական վիճակի մասին:

Բոլիվարյան հեղափոխության առաջնորդը հանձնարարել է բոլոր վենեսուելացիներին շնորհավորել Սուրբ ծննդի կապակցությամբ, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Վենեսուելայի փոխնախագահ  Նիկոլաս Մադուրոն էլ հաղորդել է, որ Ուգո Չավեսը լավ տրամադրություն ունի եւ կարողանում է ինքնուրույն քայլել:

Մադուրոյի հետ 20 րոպե տեւած հեռախոսազրույցում Չավեսը խորհուրդներ է տվել 2013-ի բյուջեի վերաբերյալ, գրում է «Ինտերֆաքսը»:

Այս պահին Չավեսը Հավանայի բժշկական կենտրոնում է:

Հիշեցնենք, հունվարի 10-ին Չավեսի երդմնակալության արարողությունն է նշանակված: Հնարավոր է, ամսաթիվը հետաձգվի կամ նախագահը երդում տա երկրից դուրս՝ Կուբայում: