Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդին կոչ է արել հաջորդ տարի Էր-Ռիայադում կայանալիք գագաթաժողովում միավորվել մեկ միության մեջ:

Խորհրդի Բահրեյնի մայրաքաղաքում տեղի ունեցած գագաթաժողովում նա հայտարարել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների միավորման փուլին անցումն օգտակար կլինի տարածաշրջանի բնակչության համար: Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը հայտնել է, որ ջանքեր են գործադրվում 6 միապետությունների պաշտպանության եւ ներքին անվտանգության միասնական համակարգ ստեղծելու ուղղությամբ, հաղորդում է Al-Arabiya հեռուստաընկերությունը:

Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆը հայտնել է, որ գագաթաժողովի մասնակիցները Պարսից ծոցի արաբական միապետությունների բնակչության անվտանգությունն ապահովելու եղանակներ են փնտրում:

Նման նոր միություն ստեղծելու նախաձեռնությամբ այդ տարվա դեկտեմբերին հանդես է եկել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդել Ազիզը:

Նշենք, որ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 1981-ին, որում ընդգրկված են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, Արաբական միացյալ Էմիրությունները, Օմանը եւ Սաուդյան Արաբիան: