Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը նախատեսում է հանրապետության ավտոճանապարհները կահավորել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հայտնաբերման ավտոմատ համակարգով:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ համակարգը հնարավորություն կտա ճանապարհներին տեղադրված տեսախցիկների տեսադաշտում հայտնված տրանսպորտային միջոցների հոսքում հայտնաբերել եւ նույնականացնել այն տրանսպորտային միջոցները, որոնք կատարել են ճանապարհային երթեւեկության կանոնների հետեւյալ խախտումները

- սահմանված արագության գերազանցում.

- լուսացույցի կարմիր ազդանշանի պահանջները չկատարելը.

- հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալը.

- կանգառի եւ կայանման կանոնների խախտումները.

- ճանապարհային նշանների պահանջները չկատարելը

- ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը

Խախտումների յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան տվյալները պետք է ուղարկվեն տվյալների մշակման կենտրոն, որտեղ պետք է կազմվի ու տպագրվի վարչական իրավախախտման արձանագրություն (այն պետք է պարունակի ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող տրանսպորտային միջոցի նկարները) եւ համապատասխան որոշում:

Նախատեսված մրցույթի տեխնիկական առաջադրանքը լիարժեք կազմելու, ինչպես նաեւ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու համար շահագրգիռ կազմակերպություններին ու ֆիրմաներին ոստիկանությունն առաջարկում է մինչեւ 20.02.2010թ. խորհրդատվական առաջարկություններ ներկայացնել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք.Երեւան, Իսակովի պող. 9

Հեռ. (374)10564588, (374)10580424, (374)10565994, (374)77888871

Ֆաքս. (374)10564588, (374)10546790

Էլ.hասցե. [email protected], [email protected]