Նյու Յորքի իր տանը, 89 տարեկան հասակում մահացել է հայտնի ամերիկացի դերասան, կինեմատոգրաֆիայի զարգացման համար «Օսկար»-ի արժանացած Չարլս Դերնինգը, հաղորդում է AP-ն:
Դերնինգն իր կարիերան կինոյում սկսել է միայն 40 տարեկանում: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ապագա դերասանը արհեստավարժորեն զբաղվել է բռնցքամարտով եւ պարերով, աշխատել մատուցող եւ տաքսու վարորդ:
Դերասանը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում, բազմաթիվ կերպարներ ստեղծել: Նա երկու անգամ ներկայացվել է «Օսկարի»՝ լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում՝ «Ամենահաճելի բորդելը Թեքսասում» եւ «Լինել, թե՝ չլինել» ֆիլմերի համար, հաղորդում է NEWSru.com-ը:
Հայ հանդիսատեսին նա հայտնի է, առաջին հերթին, «Թութսի» եւ «Շնային կեսօր» ֆիլմերից: «Թութսիում» նա նկարահանվել է Դասթին Հոֆմանի հետ, իսկ «Շնային կեսօր» ֆիլմի համար, որտեղ նրա խաղընկերը Ալ Պաչինոն էր, նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի:
2008 թվականին Դերնինգն արժանացել է Հոլիվուդում Փառքի ճեմուղում սեփական աստղն ունենալու պատվին:





























