Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջ ընթանան հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման հարցում: Այդ մասին, ինչպես հաղորդում է World Bulletin-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Մենք վստահ ենք, որ դա երկու երկրների միջեւ իսկապես լավ հնարավորություն է պատմական տարաձայնությունների հաղթահարման համար, ինչը ձեռնտու է երկուսին էլ»,- հայտարարել է Գորդոնը:
Նրա խոսքով, «երկկողմ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»: «Մենք վստահ ենք, որ այդ խնդիրը չի կարելի շաղկապել այլ հարցերի հետ: Այն պետք է լուծել՝ անկախ մնացած հարցերից, քանի որ բխում է երկու երկրների շահերից»,- ընդգծել է Գորդոնը:
Բարձրաստիճան պաշտոնյան հավելել է նաեւ, որ ԱՄՆ կառավարությունը կապեր է պահպանում Երեւանի եւ Անկարայի հետ՝ նրանց մղելով առաջ ընթանալ այդ հարցում:




























