Չինաստանի հյուսիսում երեխաների վրա հարձակման ողբերգական միջադեպ է գրանցվել. տղամարդը մեքենայով ընկել է աշակերտների հետեւեից եւ վրաերթի ենթարկել նրանց: Արդյունքում տուժել է 23 երեխա, որոնցից 13-ին տեղափոխել են հիվանդանոց՝ ոտքերի կոտրվածքներով եւ գանգուղեղային վնասվածքներով:

Երբ բոլոր երեխաները փախել են, 48-ամյա տղամարդը հրդեհել է մեքենան, որում նախօրոք տեղադրել էր գազով լի բալոնը: Պայթյունից հնարավոր է եղել խուսափել, ոստիկանությունը ժամանակին հանգցրել է կրակը:

Ինչպես հաղորդում է НТВ-ն, հանցագործն արդեն ձերբակալված է, նրա արյան մեջ ոչ թմրանյութերի, ոչ ալկոհոլի առկայություն չի հայտնաբերվել: Նա հրաժարվում է բացատրել, թե ինչու է նման քայլի դիմել: Ոստիկանությունը չի բացառում, որ նման խելահեղ քայլի տղամարդուն դրդել է հասարակությունից վրեժ լուծելու ցանկությունը: Երեք տարի առաջ նրա դուստրն սպանվել է եւ հայրը վրդովված է, որ 4 մեղավորներին չեն դատապարտել մահվան: