Կոլումբիացի ակրոբատը վնասվել է Պետերբուրգի Ֆոնտանկայի կրկեսում` «Մահվան անիվ» համարի փորձի ժամանակ: Կոնստրուկցիան ամուր չի եղել, եւ արտիստ Խոսե Գոնսալեսի հետ ընկել է ցած:
Ըստ ականատեսների` պոկվել է անիվի եռակցված հատվածը: Խոսեի գործընկերը, որը ներքեւում էր, կարողացել է մի կողմ ցատկել:
Բժիշկները կոլումբիացու մոտ հայտնաբերել են ձեռքի բաց կոտրվածք եւ ուղեղի ցնցում: Բժիշկները ենթադրում են, որ նա կարող էր նաեւ ներքին օրգանների վնասվածքներ ստացած լինել: Տուժածին վերակենդանացման բաժանմունք են տարել, հաղորդում է vesti FM ռադիոն:
«Մահվան անիվը» վտանգավոր համար է` հորինված ԱՄՆ-ում: Օրիգինալում մետաղական կոնստրուկցիան ունի նաեւ կենտրոնին ամրացված երեք սկավառակ: Այն զույգով են ցուցադրում:
Այդ համարը չարագուշակ անվանումն ստացել է նրա համար, որ դարձել էր ստեղծողի մահվան պատճառը:





























