Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հրդեհի հետեւանքով զոհվել է 7 մարդ, հազարավորները մնացել են անտուն: Նախնական տվյալներով, տեղի ունեցածը դիտավորյալ հրդեհում է: Աղետին հետեւել են զանգվածային անկարգություններ, ինչն էապես ավելացրել է տուժածների թիվը:

Դեկտեմբերի 25-ին երկու մեծ հրդեհ է տեղի ունեցել Մանիլայի աղքատ թաղամասերում, այրվել է ավելի քան 2 հազար տուն: Վեց մարդու այրված մարմին հայտնաբերվել է հրդեհի վայրում՝ բազմաբնակարան շենքում: Իրավապահները կարծում են, որ հրդեհը դիտավորության արդյունք է, սակայն ոստիկանությունը քննարկում է նաեւ էլեկտրալարերի ծանրաբեռնվածության հետեւանքով հրդեհի բռնկման վարկածը:

Բացի այդ, դեպքի վայրում բախվել են տեղի բնակիչներն ու հրշեջները: Բնակիչները վերջիններիս մեղադրել են ժամանակին օգնության չհասնելու մեջ: Կատաղած մարդիկ ծեծելով սպանել են մեկին, սխալմամբ համարելով, որ նա է հրդեհի մեղավորը:

Ներկայումս անտուն մնացածների մի մասին տեղավորել են հրդեհի վայրից ոչ հեռու գտնվող բասկետբոլի հրապարակներում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: