Ամանորի կապակցությամբ NEWS.am-ը ներկայացնում է «Ամանորը հին ու նորերի հետ» շարքը: Զրուցել ենք մի շարք քաղաքական գործիչների հետ, ամփոփել 2012թ, բացահայտել թաքուն պահած երազանքները, տեղեկացել նրանց Ամանորը նշելու սովորույթների, սեղանի ծախսի եւ այլնի մասին:
2012թ. հունիսի 16-ից նշանակվել եք նախարար: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր եւ ձեր կառույցի աշխատանքը 5 բալանոց սանդղակով:
Ընդհանրապես ինքնագնահատմամբ չեմ զբաղվում, մանավանդ 5 բալանոց սանդղակով չեմ գնահատվել ուսումնառության տարիներից ի վեր: Միշտ ձգտել եմ աշխատանքիս գնահատականը ստանալ հասարակությունից, մեր ժողովրդից: Լավ կլինի, որ գնահատեք ինքներդ:
Ի՞նչ բացթողումներ եք ունեցել եւ ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք: Երեքական օրինակ նշեք:
Լրանում է այս կարգավիճակով իմ աշխատանքի 6 ամիսը: Ձեռքբերումները կսկսեն դրսեւորվել հավանաբար արդեն գալիք տարուց` 2013 թվականին: Նախագծերը եւ նախապատրաստական աշխատանքները չափազանց շատ են, չէի ուզենա առանձնացնել դրանք: Բացթողումներ, իհարկե, կարող են լինել, դա մարդկային է, հատուկ յուրաքանչյուր գործ անողին: Եթե ինքներդ նկատել եք, հուշեք, կքննարկենք:
Ի՞նչ եք պատրաստվում անել 2013 թ-ին:
Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ մեր երկրի եւ ժողովրդի համար: Իսկ որպես մարդ, ընտանիքիս համար, ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ:
Ձեր գործունեության մեջ առաջին անգամ Ամանորը կդիմավորեք որպես նախարար: Որեւէ տարբերություն զգո՞ւմ եք, օրինակ, երբ Ամանորը դիմավորում էիք որպես Երեւանի քաղաքապետ, հիմա` որպես Տրանսպորտի նախարար:
Ամանորը դիմավորում եմ ընտանեկան շրջապատում, ինձ համար այն առաջին հերթին ընտանեկան տոն է, եւ ոչ մի կապ չունի` ինչպիսի պաշտոնական կարգավիճակում եմ այն դիմավորում: Իմ պաշտոնը` լինի դա քաղաքապետ, նախարար, թե մեկ այլ աշխատանք, երբեք մեր ընտանեկան հարաբերությունների վրա չի ազդել:
Որպես նախարար` սա առաջին ամանորն է լինելու Ձեզ համար: Նախարարության աշխատակիցները գալու են Ձեր տուն, «բոնբոներկա-կոնյակով», իսկ Դուք վերադասներից ո՞ւմ տներն եք այցելելու:
Քանի որ ինչպես նշեցի, Ամանորը ընտանեկան տոն է, ես ինքս եմ «բոնբոներկա- կոնյակով» շնորհավորելու մեր աշխատակիցների եւ նրանց ընտանիքների Ամանորը, մաղթելու եմ նրանց եւ իրենց ընտանիքներին առողջություն, հաջողություն, երկար կյանք, երջանկություն եւ ամենայն բարիք:
2012 թ ի՞նչ լավ եւ վատ էպիզոդներով տպավորվեց:
2012 թվականին հատուկ լավ եւ վատ էպիզոդներ չեն եղել, ընդամենը սովորական տարի էր` իր հաջողություններով եւ դժվարություններով` 2012, 2011, 2010, այսպես մինչեւ 1964` իմ ծննդյան տարին: Եղել են եւ՛ լավ պահեր, եղել են եւ՛ անցանկալի պահեր: Դա ես մի բառով անվանում եմ կյանք:
«Օձի» տարուց ի՞նչ ակնկալիքներ ունեք, «Վիշապից» գո՞հ եք:
Օձի տարում կուզեի օձերից հեռու մնալ: Վիշապից էլ գոհ եմ:
Ամանորը ո՞ւմ հետ, որտե՞ղ եւ ինչպե՞ս եք նշելու:
Ինչպես արդեն նշեցի` տանը, ընտանեկան միջավայրում, հարազատներիս հետ:
Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են Ձեզ վրա, ինչքա՞ն է կազմում ամանորի Ձեր ծախսը:
Ընտանիքիս համար արված ծախսերը սովորություն չունեմ հաշվելու, որովհետեւ ինչ աշխատում եմ, ընտանիքիս համար է:
Մի հետաքրքիր դրվագ հիշեք Ամանորի հետ կապված, օրինակ` մանուկ հասակում ինչ-որ միջադեպ, Ձմեռ պապիկի մորուքից քաշել, նամակ գրել եւ այլն:
Մանկուց հեքիաթների չեմ հավատում:
Կարո՞ղ է նախորդ տարի Ձմեռ պապիկից նախարարի պաշտոն եք ուզել, իսկ այս տարի ի՞նչ եք ուզելու` «սենց էլ մնա, լավ է», թե՞ Ձեր բոլոր ցանկությունները Ձյունանուշիկից են:
Ձմեռ պապից խնդրել եմ, որ այս տարի եթե մեր տուն գա, անպայման Ձյունանուշին բերի հետը: Մինչեւ այսօր բախտս չի բերել մի սիրուն Ձյունանուշիկի հանդիպել:





























