Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտքով անգամ չի անցել պայթեցնել Գյումրի քաղաքապետարանի շենքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանըէ արձագանքելով Գյումրիում շրջանառվող տեղեկություններին, թե նա սպառնացել է պայթեցնել Գյումրի քաղաքապետարանի շենքը եւ անգամ որոշ աշխատակիցներ վախից աշխատանքի չեն գնացել:

«Մենք նմանատիպ բան երբեք չենք արել, չենք էլ մտածում նման բան անել: Դաժե մեր մտքով նման բան չի անցնում: Դա ուղղակի փողոցի, չգիտեմ ինչ մակարդակի խոսակցություններ են: Դա հերթական սադրանքներն են, որ իմ նկատմամբ իրականացրել են 13 տարվա ընթացքում:Դա ուղղակի այն դիվական եւ վախեցած, ոչ ճիշտ ապրելակերպ ունեցող մարդկանց խոսակցություններն են, որ վախը սրտերին ապրում են այս աշխարհում: Բայց նորից եմ կրկնում, որ մեր մտքով նույնիսկ նման բան չի անցել»,- ավելացրեց Վարդան Ղուկասյանը:

Հարցին, թե քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո ինչով է զբաղվում ասաց. «Ես հիմա զբաղվում եմ արջ բռնելով, որսորդությամբ եմ զբաղվում եւ այդպես ապրում եմ: Եթե Գյումրիի քաղաքապետը կատակ անել չգիտի, ուրեմն նա գյումրեցի չի, այլ Լենկորանից է, Հոլանդիայից կամ էլ  պետք է կիրովաբադցի լինի»: