Այս տարին միանշանակ հաջող էր, հայտարարել է ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Sberbank СIB-ի շահույթը 2012 թվականին, նախնական տվյալներով, կազմել է 160 մլն դոլար:

Այս տարվա վերաբերյալ հստակ թվեր դեռ չկան, ասել է նա ու հավելել. «Դրանք կարող են նկատելիորեն աճել, եթե մի քանի խոշոր գործարքներ հաջողվի կատարել մինչեւ տարվա վերջ: Ցանկացած դեպքում, տարվա արդյունքը ցույց է տալիս, որ դա ճիշտ գործարք էր»:

Խոսելով ապագայի պլանների մասին, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ պլանները շատ հավակնոտ են, 2012-ն անցումային էր, Sberbank СIB-ը կազմավորվեց միայն հուլիսին, իսկ ընկերությունը նորմալ ռեժիմով աշխատում է կես տարի:

Ինչ վերաբերում է անձնական պլաններին, Վարդանյանը նշել է, որ ինքը ոչ մի քաղաքական հավակնություններ չունի: «Ես 22 տարի ֆոնդային ինդուստրիայում եմ, որն սկսվել է զրոյից: Ես կենդանի մնացած մամոնտ եմ, որին պետք է ցուցադրել թանգարանում»,-ասել է նա, հավելելով, որ բարեգործության ինդուստրիա ստեղծելու գաղափար կա:

Նա նաեւ ընդգծել է, որ կշարունակի զարգացնել «Սկոլկովո» բիզնես դպրոցը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի գարնանը Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» ընկերությունը վաճառել է իր գլխավոր մրցակից «Խնայբանկին»՝ 1 մլրդ դոլարով: Եւս 700 մլն դոլար «Տրոյկա դիալոգի» նախկին սեփականատերերը (Վարդանյանը, նրա գործընկերները եւ հարավաֆրիկյան Standard Bank-ը) կստանան 2014 թվականին, որպես պարգեւատրում, եթե 2012-13 թվականներին տարեկան շահույթը հասնի 173 մլն դոլարի: Այդ պլանի կատարման համար պատասխանատուն հենց Վարդանյանն է: