Ղազախստանի հարավում աղետի է ենթարկվել երկրի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությանը պատկանող ռազմական օդանավը: Այն ընկել է Հարավ-ղազախական մարզում: Օդանավում եղել է 27 մարդ. բոլորը զոհվել են:
«ԱՆ-72 օդանավում եղել է20 զինծառայող եւ անձնակազմի 7 անդամ: Նրանց թվում է եղել նաեւ սահմանապահ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Տուրգանբեկ Ստամբեկովը»,-ասված է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ըստ «Կոմերսանտի» կապն օդանավի հետ կորել է տեղի ժամանակով մոտավորապես ժամը 19:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին): 19:01-ին տեղեկություն է ստացվել, որ օդանավն ընկել է Շիմքենդ քաղաքից ոչ հեռու եւ այրվում է:
Հարավ-ղազախական մարզի Արտակարգ իրավիճկների դեպարտամենտի պետը պատմել է, որ օդանավի վայր ընկնելու վայր են ուղեւորվել փրկարարներ եւ հրշեջներ: Փրկարարների օգնության կարիքը չի եղել, քանի որ օդանավն ամբողջությամբ այրվել է, մնացել են միայն առանձին կտորներ:





























