Ռուսաստանի Պետդումայում քննարկվում է ազգամիջյան բախումների համար տվյալ տարածքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու օրինագիծը:

Օրինագծի պատրաստման մասին «Իսզվեստիային» պատմել են Ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հաջիմեթ Սաֆրալիեւը եւ Դաշնային կառավարման  հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամազան Աբդուլատիպովը:

Օրինագիծը տարբեր պատժամիջոցներ է նախատեսում: Ազգամիջյան հակասության բուն փաստի համար մինչեւ կես մլն ռուբլի տուգանք է նախատեսվում: Հակասությանը խոսքով կամ արարքով նպաստելու համար համայնքի կամ շրջանի ղեկավարը մինչեւ երկու տարվա ազատազրկման կդատապարտվի:

Առաջարկը կողմնակիցներ եւ հակառակորդներ է ունեցել: Տամբովի երկրամասի նահանգապետ Օլեգ Բետինը կողմ է արտահայտվել: Միաժամանակ նախագահին կից Մարդու իրավունքների եւ միգրացիոն քաղաքականության խորհրդի ղեկավար Եվգենի Բոբրովը կարծում է, որ ազգամիջյան բախումները տարածքի ղեկավարի անմիջական պատասխանատվության առարկա չեն, եւ նման օրենքը կարող է քաղաքական հաշվեհարդարի գործիք դառնալ: