Ճապոնիայի նոր վարչապետ է դարձել պահպանողական Սինձո Աբեն։ Ճապոնիայի խորհրդարանի ներքին պալատը հաստատել է նրան այդ պաշտոնում։
Լիբերալ ժողովրդավարական կուսակցության 58-ամյա ղեկավարը, ով 2006-2007 թվականներին արդեն ղեկավարել է կառավարությունը, խոստացել է օգտվել երկրորդ հնարավորությունից եւ աշխարհի երրորդ տնտեսությունը հանել խորը ճգնաժամից։ Վերջին 6 տարիների ընթացքում Աբեն դարձել է Ճապոնիայի թվով 7-րդ վարչապետը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդայի կառավարության ամբողջ կազմը հրաժարական է տվել։
Իր ազգայնականությամբ հայտնի 58-ամյա Աբեն, դեկտեմբերի 16-ին իր պահպանողական լիբերալ-ժողովրդավարական կուսակցությանը, որը 3 տարի շարունակ ընդդիմություն էր երկրում, հաղթանակ է բերել։
Աբեի քաղաքական գործունեության օրակարգում է հարեւան Չինաստանի հետ հարաբերությունների բարելավումը եւ երկրի դուրսբերումը երկարատեւ գնանկումից։ Աբեի կուսակցությունը կողմ է ազատ դրամավարկային քաղաքականությանը եւ պետական ծախսերի ավելացմանը, որը կոչված է երկիրը գնանկումից դուրս հանելու համար։ Բացի այդ Աբեն հայտնի է նաեւ նրանով, որ կողմ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացմանը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության մեջ համարվում է «կոշտ գծի» կողմնակից։
Աբեն դեկտեմբերի 26-ին պետք է հայտարարի նոր կառավարության կազմը։





























