NEWS.am-ի ամանորյա հարցազրույցը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ.
Պրն. Ասատրյան, Հայաստանում աղքատությունը նվազել է, սակայն աճել է ծայրահեղ աղքատությունը: Ինչով ե՞ք դա բացատրում:
Ի տարբերություն նախորդ երկու տարիներին փաստագրված աղքատության մակարդակի աճի` 2011թ. արձանագրվել է աճի դադարեցում: Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատության աճի պատճառներին, նշեմ, որ աղքատությունը բազմագործոն ազդեցությունների համալիր գնահատում է, ուստի հնարավոր չէ հակիրճ ներկայացնել յուրաքանչյուր գործոնի ազդեցությունը:
Միաժամանակ ուզում եմ հատկապես կարեւորել այն իրողությունը, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին որեւէ սոցիալական ծրագիր չկրճատվեց, իսկ համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի 2011թ. հետազոտությունների արդյունքների` վստահորեն կարող եմ փաստել, որ եթե չլինեին սոցիալական տրանսֆերտները (նպաստներ, կենսաթոշակներ), ապա աղքատության մակարդակը 35%-ի փոխարեն կլիներ 53,2%, ծայրահեղ աղքատությանը` 3,7%-ի փոխարեն` 22.2%:
Ըստ ձեզ` աղքատներն ի վիճակի ե՞ն արժանավայել Ամանորը դիմավորել:
Արժանավայելն իմ ըմբռնմամբ բոլորովին էլ ուտեստներով ու խմիչքով բեռնավորված սեղանները չեն: Շատ համեստ, բայց սիրով ու ճաշակով տոնական սեղանի շուրջ էլ կարելի է Նոր տարին դիմավորել հավուր պատշաճի` կարեւորելով տոնի բովանդակությունը, ոչ թե ձեւն ու ցուցադրական շքեղությունը:
Ի՞նչ կմաղթեիք թոշակառուներին 2013 թ.:
Մեր բոլոր կենսաթոշակառուներին մաղթում եմ նախ եւ առաջ առողջություն, լավատեսություն եւ մի քիչ համբերություն: Մենք անում ենք հնարավորը` համակարգը թափանցիկ դարձնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, կենսաթոշակների չափերն աստիճանաբար ավելացնելու, մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Միաժամանակ կցանկանայի շեշտել, որ տարեցների համար ոչ պակաս էական է հարգանքն ու գնահատված լինելը, ուստի կարեւորում եմ բոլորիս համապատասխան վերաբերմունքը նրանց անցած ուղու եւ վաստակի հանդեպ:
Կենսաթոշակային բարեփոխումները սարերի ետեւում չեն: Ունե՞ք դեռ կասկածներ այս համակարգի ներդրման հաջողության հետ կապված:
Կասկածներ չունեմ, ավելին` համոզված եմ, որ կուտակային համակարգի մեր տարբերակը հնարավորություն է տալու խուսափել այն խնդիրներից, որոնց արդեն այսօր բախվում են նույնիսկ զարգացած երկրները: Կարեւորում եմ նաեւ այսօրվա երիտասարդների կողմից իրենց բարեկեցիկ ծերության մասին նախապես հոգալը, անձնական պատասխանատվության զգացումը, ինչին կբերի նրանց մասնակցությունը պարտադիր կուտակային համակարգին:
Ի՞նչ կերակուրներ եւ խմիչքներ եք նախընտրում, որ լինեն ամանորյա ձեր սեղանին:
Ավանդական ամանորյա ուտեստներ, խմիչքներից`կոնյակ, գինի, օղի:
Ում ե՞ք առաջինը շնորհավորում Ամանորի գիշերը:
Ծնողներիս, կնոջս եւ երեխաներիս:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը




























