NEWS.am-ի զրուցակիցը ՀՀ ԳԱԱ ԱԻ ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանն է.

Պարոն Տեր-Մաթեւոսյան, 2012 թ. մոտենում է ավարտին, ինչպիսի՞ն էր այն մեր տարածաշրջանի համար:

Տարածաշրջանային զարգացումների առումով 2012  թ․ բավական ինտենսիվ ստացվեց։ Մի շարք գործընթացներ, որոնք սկիզբ էին առել դեռ նախորդ տարիներին 2012 թ. ամբողջ ընթացքում շարունակեցին այս կամ այն կերպ հրատապ մնալ, անցնող տարում առաջ եկան նաեւ նորերը, իսկ նախկինում կոնսերվացված որոշ գործընթացներ ունեցան նոր կերպափոխված դրսեւորումներ։ Մի շարք ուղղություններով ինտեգրացիոն գործընթացներն առավել խորը դրսեւորումներ ունեցան, որոշ դրվագներում առաջընթացը չնչին էր, իսկ որոշ առումներով զրոյական: Հայ-թուրքական խնդիրների եւ Արցախյան հակամարտության կարգավորման  գործընթացներում էական առաջընթաց չգրանցվեց, Հայաստանի նկատմամբ 2 տասնամյակից ավել շարունակվող քաղաքական, տնտեսական, հեռահաղորդակցային շրջափակումը շարունակում է էականորեն ազդել Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացների վրա: Շոշափելի առաջընթաց  չարձանագրվեց նաեւ ռուս-վրացական խնդիրների կարգավորման հարցում եւս, թեեւ դրվեցին հիմքեր փակուղուց դուրս գալու ուղղությամբ:

Իսկ ո՞ր իրադարձությունները կառանձնացնեիք:

Առաջինն, անշուշտ սիրիական ճգնաժամն է, որը շարունակում է ցնցել ամբողջ միջազգային հանրությանը անկախ նրանից թե ինչ հեռավորության վրա են գտնվում Սիրիայից։ Քաղաքական եւ հումանիտար ճգնաժամը շարունակում է նորանոր դրսեւորումներ ունենալ։ Շուրջ երկու տարի շարունակվող  այդ մղձավանջը շարունակում է մեզ լրջորեն մտահոգել, քանի որ մեր քույրերի եւ եղբայրների սպանության մասին լուրերը մեզ ցնցում են ամեն անգամ: 40․000 մարդկային կյանքեր խլած եղբայրասպան պատերազմի կորուստների թիվը աճում է ժամ առ ժամ եւ կարծես կանգնելու միտում չունի։ Քաղաքական անորոշություններին գումարվում են նաեւ աշխարհաքաղաքական անորոշությունների բավական մեծ պոտենցիալը։ Երկրորդ հանգամանքը, 2012 թ. ընթացքում ակտիվացած թուրք-քրդական բախումներն էին: 1999 թ. ի վեր, Թուրքիայի Զինված ուժերը երբեւէ այսպիսի ինտենսիվությամբ ռազմական գործողություններ չեն իրականացրել Քրդական բանվորական կուսակցության դեմ, ինչպիսին այս տարվա ընթացքում էր: Անցած 12 ամիսների ընթացքում իրականացվել են ավելի քան 1000 ռազմական գործողություններ եւ երկուստեք արձանագրվել են շուրջ 500 մարդկային կորուստ: Երրորդն, անշուշտ, հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն էին եւ տեղի ունեցած իշխանափոխությունը:  Սկիզբ դրվեց որոշակի աշխարհաքաղաքական փոփոխությունների հեռանկարի համար։ Իվանիշվիլու նոր կառավարությունը եւ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հեռանկարը իր նշանակությամբ բավական կարեւոր շրջափուլ էր։ Չորրորդը,  այս տարածաշրջանում 2012 թ. տեղի ունեցած զորավարժություններն էին: Նախ «Կովկաս-2012», ՀԱՊԿ-ի Հայաստանում անցկացված զորավարժությունները, ապա ՀՀ-ԼՂՀ համատեղ զորավարժությունները նոր բովանդակություն հաղորդեցին ռազմական բաղադրիչին:   Հինգերորդն, գուցե այն էր, որ անցնող տարվա ընթացքում տարբեր միջոցառումների, ֆորումների եւ գիտաժողովների  միջոցով Ադրբեջանը փորձեց նոր ձեւով ու բովանդակությամբ ներկայանալ աշխարհին, որը ճիշտ հակառակ արդյունավետությունն ունեցավ։ Առավել ցցուն դարձան Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումները, քաղբանտարկյալների եւ ազատազրկված լրագրողների մասին հավաստող տեղեկությունները։ Վեցերորդը, եւ թերեւս ամենավերջինը, այն էր, Իրանի շարունակական մեկուսացման պատճառով եւ կիրառված պատժամիջոցների հետեւանքով այդ երկրում նկատվեցին որոշակի սոցիալական ու ֆինանսատնտեսական լարվածություն հիմքեր: Թեեւ այս տարի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պահպանողականները ամրապնդեցին իրենց իշխանությունը, սակայն հաջորդ տարի նախատեսվող նախագահական ընտրությունները լուրջ փորձություն են Իրանի համար։

Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները 2013 թվականի համար: Ի՞նչ եք կարծում, հնարավոր են արդյոք այնպիսի զարգացումներ, որոնք կարող են նոր մարտահրավերներ դառնալ մեզ համար:

Յուրաքանչյուր մարտահրավերի մեջ պետք է փնտրել նաեւ հնարավորություն: Օրինակ, շատ է խոսվում ինտեգրացիոն նոր գործընթացի ու դրա «դժնդակ» հետեւանքների մասին: Գիտեք, ինձ համար կարեւոր է մեկ հանգամանքի հստակեցում՝ որտեղ են սկսվում մեր պետական ու ազգային շահերը եւ որտեղ ենք դրանք ավարտվում: Եթե մենք պետք է լղոզված ու ճապաղ պատկերացումներ ունենանք այս հարցի շուրջ, մեր տարածաշրջանով անցնող յուրաքանչյուր քամի մենք դիտելու ենք որպես սպառնալիք: Մեզ համար կարեւոր խնդիր է, որ գործընթացներում սեփական ասելիքը եւ խոսքը լսելի դարձնելու ձեւաչափ գտնենք:

2013 թվականի Հայաստանի համար որո՞նք են լինելու գերակայությունները:

Պատասխանելու համար այդ հարցին, ցանկանում եմ մի քանի դրվագներ մեջ բերել նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թ. դեկտեմբերի 15-ին ՀՀԿ համագումարում նրա ելույթի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածից: Այն, ըստ էության, նախագահի նախընտրական ծրագրի առանցքն էր, հետեւաբար, այն լինելու է այդ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում: Եթե հիշում եք, նախագահը նախ նշեց, բաժանարար գծերի եւ Հայաստանի մեկուսացմամբ իրականացվող տարածաշրջանային ծրագրերը ամբողջությամբ լիարժեք ու կենսունակ չեն։ Այս խնդիրները թեեւ նախորդ տարիներին եւս կային ու քանիցս բարձրաձայնվել են, սակայն, հասկանալի պատճառներով, այն է հայ-թուրքական խնդիրների կարգավորման գործընթացի պատճառով, այն առաջնային պլանում չէր: Այժմ, հույսով եմ, մեր ամբողջ դիվանագիտական մեքենան, կաշկանդված չլինելով հայ-թուրքական որեւէ գործընթացով, առավել վճռականորեն ձեռնամուխ կլինի արտերկրում դրանց բարձրաձայնմանը: Հաջորդ կարեւոր դիտարկումը, որն արեց նախագահը, հետեւյալն էր, ոչ մի ժողովուրդ եւ ոչ մի ազգ հայ ժողովրդի կողմից չի ընկալվում որպես թշնամի։  Առաջին հայացքից կարծես այդ թեզն ուղղված էր Ադրբեջանին, սակայն այդ ուղերձը նույնչափ ուղղված էր նաեւ Թուրքիային: Ցույց տալու համար, որ գոյություն ունեցող խնդիրների ու փխրուն խաղաղության, փակ սահմանների պատճառը մեր երկու հարեւանների քաղաքական առաջնորդություններն են: Մյուս խնդիրը վերաբերում էր, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Ցանկանում եմ հավատալ, որ գալիք տարիներին Հայաստանի իշխանությունները կօգտագործեն բոլոր հնարավոր ու անհնար լծակները, որպեսզի Թուրքիայի իշխանությունները վերջ տան իրենց ջայլամի քաղաքականությանը: Տարին 1-2 մշակութային հուշարձան վերականգնելուն, կամ դրա իմիտացիային զուգահեռ, ավերվում են հազարավոր այլ կոթողներ: Եթե Թուրքիայի իշխանությունները ցանկություն չունե՞ն ինչ-որ բան անել, կան տարբեր գործիքներ դա անելու համար: Նրանց հանցավոր անգործության պատճառով մենք կորցնում ենք մեր մշակության հարստությունը, իսկ դա հանդուրժելն այլեւս անթույլատրելի է: Եվ վերջում, նախագահն ակնարկեց, որ 2015 թվականին ընդառաջ Թուրքիայի հասարակությունում ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն է տեղափոխվելու։  Ես համարում եմ, որ սա էական փոփոխություն է: Եթե Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները, չի հարգում իր պարտավորությունները, ապա Հայաստանը սկսում է աշխատել անմիջապես թուրքական հասարակության հետ: