ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քննարկվեցին Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման մոտեցումների վերաբերյալ լրամշակված առաջարկությունները:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՏԿՆ աշխատակազմի տարածքային զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանը ներկայացրեց հիմնադրամի նպատակների, գործառույթների, կառավարման մեխանիզմների, հիմնադրամի միջոցների ձեւավորման աղբյուրների վերաբերյալ հիմնական մոտեցումները: Փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել նմանատիպ հիմնադրամների ստեղծման այլ երկրների եւ, մասնավորապես, Վրաստանի փորձը:
Հիմնադրամի հիմնական նպատակներն են մարզերում իրականացվող կապիտալ ներդրումների ազդեցության մեծացումը` հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի համաչափ զարգացման եւ աղքատության կրճատման մակարդակը, տարբեր ֆինանսական կազմակերպությունների եւ դոնորների միջոցներով ծրագրերի համակարգված իրականացումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:
Հիմնադրամը կունենա հիմնական չորս գործառույթ` համայնքների ֆինանսական եւ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, պետություն- մասնավոր հատված համագործակցության արդյունքում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացում եւ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերին աջակցության ցուցաբերում, միջհամայնքային համագործակցության խրախուսում, ուղղակի կապիտալ ծրագրերի իրականացում:
Փաստաթուղթը կներկայացվի կառավարություն, սակայն փոխվարչապետը նշեց, որ այն լայն քննարկման առարկա է լինելու եւ կոչ արեց կոլեգիայի անդամներին եւս ներկայացնել իրենց առաջարկություններն ու կարծիքները:
Կոլեգիան ի գիտություն ընդունեց ՏԻՄ-երի տեղեկատվայնացման ուղղությամբ 2012 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը: Տարվա ընթացքում ՏԻՄ-երի տեղեկատվայնացման առումով իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են եղել քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքներում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրմանը եւ «Mulberry» համակարգի միջեւ փոխգործակցության հաստատմանը: Պետական կառավարման մարմիններում շահագործվող փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգը ներդրվել է 115 համայնքապետարաններում (37 քաղաքային եւ 78 գյուղական): 2012թ-ին ՀԿՏՀ է ներդրվել 98 համայնքում: Ներկայումս համակարգը տեղադրված է ընդհանուր առմամբ 339 համայնքում: Փոխվարչապետը հանձնարարեց գալիք տարվա ընթացքում նույնպես շարունակել աշխատանքները:
ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նախնական տեղեկատվություն ներկայացրեց 2012թ. ընթացքում մատակարարված ոռոգման ջրի ծավալների, հասույթի, գանձման ցուցանիշների վերաբերյալ: Եղանակով պայմանավորված` այս տարի ոռոգման շրջանն ավելի վաղ էր մեկնարկել, եւ նախորդ տարվա համեմատ ձեւավորվել է շուրջ 700 մլն դրամով ավելի հասույթ` կազմելով 5 մլրդ 253 մլն դրամ: Ա. Անդրեասյանը տեղեկացրեց, որ գանձումների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, եւ վերջին տարիներին հավաքագրման միջին ցուցանիշը կպահպանվի:
Փոխվարչապետը եւս անդրադարձավ ոռոգման համակարգում այս տարի արձանագրված դժվարություններին` նշելով, որ գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ջրամաբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման խնդիրները:





























