Թուրքիան աշխատում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ` ստեղծելով նոր քաղաքականություն Հարավային Կովկասում «զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն՝ հունվարի 29-ին ելույթ ունենալով Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում «Նոր համաշխարհային աշխարհաքաղաքականություն. ինչ է ներդնում Թուրքիան համաշխարհային խաղաղության եւ անվտանգության ոլորտներում՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ» թեմայով:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ներկայացուցիչ Տաթեւիկ Գրիգորյանը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին հիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններում չկար որեւէ նախապայման, չնայած Հայաստանը կարող էր եւ իրավունք ուներ որպես նախապայման առաջ քաշել 1915թ.-ի տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Հայաստանը դա չարեց: Հակառակ դրան Թուրքիան ոչ միայն սկսեց ձգձգել արձանագրությունների վավերացումը, այլեւ ինքը դրեց նախապայման, որը նույնիսկ վերաբերվում էր երրորդ երկրին` Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Ավելին, պատճառաբանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը միայն հաստատում էր արձանագրությունների վավերացման օրինականությունը, Թուրքիան սկսեց կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը, չնայած ՍԴ-ի որոշումը չի կարող իրականում արգելք հանդիսանալ գործընթացը շարունակելու համար:
ԵՀՄՖ-ի ներկայացուցչի հարցին՝ արդյո՞ք Թուրքիան փոխել է իր դիրքորոշումը, թե՞ անկեղծ չի եղել հենց սկզբից, Դավութօղլուն պատասխանել է, որ Թուրքիայի համար կարեւոր է Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը եւ քաղաքական երկխոսության վարումը բոլոր երեք պետությունների հետ: Այդ նպատակով Թուրքիան ստորագրել է արձանագրությունները` ներկայացնելով Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը: Ստորագրումից հետո Դավութօղլուն արել է ամեն ինչ արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան ներկայացնելու եւ վավերացնլու ուղղությամբ` չնայած բոլորովին պարտավոր չէր: «Այսօր Թուրքիային մեղադրում են արձանագրությունների հաստատումը միտումնավոր ձգձգելու մեջ: Իրականում Թուրքիան ցանկություն ունի հարաբերություններ հաստատելու եւ աշխարհասփյուռ հայերի ու թուրքերի միջեւ եւ Հայաստանի հետ»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ միաժամանակ հավելելով. «Սակայն մենք մերժում ենք Հայոց ցեղասպանության գաղափարը», քանի որ ըստ Դավութօղլուի, «մեծաքանակ թուրքեր են զոհվել այդ ցեղասպանության տարիներին եւ բազմաթիվ թուրքեր են գաղթել Բալկաններից»:
Ինչ վերաբերվում է նախապայմաններին, Դավութօղլուն հատարարել է, որ Թուրքիան ցանկանում է հարցի հիմնովին լուծում, որպեսզի անվտանգություն հաստատվի ողջ տարածաշրջանում` ներառյալ նաեւ Ադրբեջան — Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը: «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, եւ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը համաձայն չեն ներկա իրավիճակի պահպանմանը, ու սա է պատճառը, որ Թուրքիան փոխել է արձանագրությունների վերաբերյալ իր վերաբերմունքը: Չնայած դրան, արձանագրությունները կարող են ստորագրվել, եթե իրականացվի վերոհիշյալ խնդրի լուծումը: Այդ ուղղությամբ Թուրքիան չի կորցնում իր հույսը»,- ամփոփել է նա:




























