Բանավոր խոսքը գրավորի վերածող համակարգչային ծրագիր է ստեղծվում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց Ռուս-հայկական սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Վլադիմիր Եղիազարյանը՝ ավելացնելով, որ համակարգչային նման ծրագրեր կիրառվում են անգլերեն և չինարեն լեզուների համար։ Ըստ նրա՝ ծրագիրը լայն կիրառություն կգտնի հատկապես բանավոր խոսքի սղագրությամբ զբաղվող մասնագետների, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով մարդկանց մոտ։
Բանավոր խոսքի վերափոխման ծրագրավորող խմբի հետազոտողներից Հարություն Գասպարյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցին տեղեկացրեց, որ համակարգչային ծրագրում ձայնի տեմբրի տարբերակման համար, թեստային համակարգ է օգտագործվում։ «Առաջարկում ենք արտասանել մի քանի նախադասություն, որից հետո ծրագիրն արդեն ճանաչում է „տիրոջ“ ձայնը», — նշեց մասնագետը։ Ծրագիրը երեք ֆունկցիա է իրականացնելու՝ հայերեն բանավոր խոսքով ղեկավարելու է Word ծրագիրը, բանավոր խոսքը վերածելու է տեքստի, ինչպես նաեւ արդեն հավաքված տեքստի ձայնային վերարտադրություն է իրականացնելու։




























