Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրեցօր աճող եւ ամրապնդվող ինքնուրույնության համատեքստում ընթացիկ ամիսը նշանավորվեց ԼՂՀ նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանի Վաշինգտոն կատարած այցով՝ բարձրաստիճան անձանց աշխատանքային այցերին բնորոշ ատրիբուտներով. հանդիպումներ, ելույթներ, հարցազրույց:
Մասնավորապես, ԱՄՆ Սենատ կատարած այցի շրջանակում տասնյակ կոնգրեսականների մասնակցությամբ Արցախի անկախության 21-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառում տեղի ունեցավ: Կոնգրեսականները ելույթներում միահամուռ ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի անկախությանն ու ազատությանն աջակցելու հավատարմությունը , որը կարտահայտվի ոչ միայն ամենամյա ֆինանսական օգնությամբ, այլեւ, առաջին հերթին, քաղաքական աջակցությամբ:
Միջոցառման ընթացքում ԼՂՀ (Արցախի) արտգործնախարարն այդ պաշտոնում իր առաջին ելույթն է ունեցել, որում, մասնավորապես անդրադարձել է բանակցային գործընթացի արդի փուլի խնդիրներին, գործընթացն ընդհատելու եւ տարածաշրջանում իրավիճակը սրելու Ադրբեջանի բազմաթիվ փորձերին: «Համոզված ենք, արդյունավետ բանակցությունները պահանջում են բանակցության բոլոր փուլերում Արցախի անմիջական մասնակցությունը՝ սկսած կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների ձեւավորումից, մինչեւ գործնական քայլերի եւ դրանց իրագործման քննարկումները: Իր հակահայ թշնամական հռետորաբանությամբ Ադրբեջանը ադրբեջանցի երիտասարդների մեջ ատելություն է սերմանում այն մարդկանց հանդեպ, ում նույնիսկ չեն էլ հանդիպել», - ընդգծել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարը (Ելույթի ամբողջական տեքստը):
Նախարարը նաեւ կոնգրեսականներին եւ միջոցառման հյուրերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռքբերումները` ազատության, ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման ապահովման ոլորտներում: 1991 թվականից հանրապետությունում կայացել են հինգ նախագահական, հինգ խորհրդարանական ընտրություններ, նաեւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ: Բոլոր ընտրությունները, ներառյալ 2012թ. հուլիսին կայացած նախագահական ընտրությունները 22 երկրների միջազգային դիտորդների, այլազգի խորհրդարանականների, լրագրողների ու քաղաքական գործիչների կողմից գնահատվել են որպես ազատ եւ թափանցիկ:
ԼՂՀ ԱԳ նախարարի` ամերիկյան եւ միջազգային հանրությանը ներկայացված ուղերձն ավելի տպավորիչ է դառնում, երբ հիմք ենք ընդունում այն հանգամանքը, թե ինչ հեղինակավոր հարթակից եւ ինչ լսարանի են ներկայացվել այդ դիրքորոշումը: Դա ԱՄՆ օրենսդիր մարմինն է, որ հաճախ անվանվում է ամերիկյան ազատության միջնաբերդ, որը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան եւ հայկական լոբբիստական կազմակերպությունների համակարգված աշխատանքի շնորհիվ արդեն 8 տարի ավանդական հարթակ է դարձել Արցախի ղեկավարների դիրքորոշումները ամենահզոր տերության մայրքաղաքում ներկայացնելու համար: Դա աշխարոհւմ փաստացի միակ խորհրդարանն է, որտեղ նշվում է Լեռնային ղարաբաղի Հանրապետության անկախությունը` ի լրումը նրան, որ ԱՄՆ-ը միակ երկիրն է, բացի Հայաստանից, որը երկար տարիների ընթացքում ուղիղ պետական մակարդակով օգնություն է ցուցաբերում Արցախին: Եւ այդ ամենը ի հեճուկս Ադրբեջանի կատաղի դիմադրության:
Իրավիճակի պատկերը ամբողջացնելու համար այս ամենին հարկավոր է ավելացնել, Վաշինգտոնի սկզբունքային աջակցությունը բանակցային համակարգին եւ հիմնական սկզբունքներին, այդ թվում եւ ինքնորոշման իրավունքին, երկրի կառավարության կոշտ դիրքորոշումը Բաքվի կործանարար քայլերի հանդեպ, այդ թվում եւ Ալիեւի կարգի կողմից Սաֆարովի ազատագրումն ու հերոսացումը, եւ զուգահեռաբար, ԱՄՆ նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացը։ Իհարկե ոչինչ ինքնաբերաբար չի կատարվում։
Ինչպես սովորաբար լինում է նման իրավիճակներում, այս անգամ եւս սպասվում էր Ադրբեջանի հիստերիան,հնարավոր պատասխան քայլերը, Կոնգրեսին ճնշելու փորձեր։ Այս անգամ ընդամենը կոչ է արվել Կոնգրեսի շենքի առջեւ պիկետ կազմակերպել, որն այդպես էլ չիրականացվեց։
Եւ կարելի՞ է արդյոք տվյալ զարգացումները համարել այս երկրում Ադրբեջանի քարոզչության պարտություն, երբ ջայլամի հոգեբանության կանոնների համաձայն, լռության են մատնվում անկախ Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառումները։ Այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովում կոնգրեսականներից մեկի կողմից հիշատակված՝ Իրանի շուրջ զարգացումների քննարկման ժամանակ ծագած հակամարտությունն ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել իբրեւ իր ժողովրդի դեմ ուղղված, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումներ:
Միքայել Առաքելյան





























