Ուկրաինայի պետական պահպանության վարչության նախկին մայոր Նիկոլայ Մելնիչենկոն սպառնացել է հանդես գալ բացահայտումներով. նա խոստացել է մոտ օրերս «Կուչմայի, Լիտվինի եւ այլոց կողմից հանցագործությունների կատարման» վերաբերյալ հայտարարություններ անել:
Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, Մելնիչենկոն հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղեկատվությունը, թե ինքն այսօր ծանոթացել է պետական գաղտնիք բացահայտելու համար իր դեմ հարուցված քրեական գործի նյութերին:
«Ես եւ իմ փաստաբանների խումբն այդպես էլ չենք հասկացել, թե ինչումն է իմ կողմից պետական գաղտնիք բացահայտելու եւ լիազորությունների գերազանցման իմաստը: Երկրորդ, ես մոտ օրերս մի շարք պաշտոնական հայտարարություններ կանեմ՝ Կուչմայի, Լիտվինի եւ այլ անձանց կողմից հանցագործությունների կատարելու վերաբերյալ, պահանջելով, որ քննչական մարմիններն այդ տեղեկատվությունը գրանցեն նախադատական հետաքննությունների միասնական ռեեստրում»,-ասել է Մելնիչենկոն:
Նախկին մայորը հայտնել է, որ ցանկանում է դատաքննության ընթացքում հարցաքննել «Կուչմային, Լիտվինին, Դերգաչին եւ այլոց»:
Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունը, Գլխավոր դատախազության հանձնարարությամբ, զբաղվել է Մելնիչենկոյի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությամբ: 2011-ի սեպտեմբերին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ այս տարվա հոկտեմբերի 24-ին նա ձերբակալվել է «Բորիսպոլ» օդանավակայանում: Ավելի ուշ նրան ազատ են արձակել գրավի դիմաց:





























