Երեկ, ժամը 11-ի սահմաններում բողոքի ցույց է տեղի ունեցել Թեհրանում՝ Caspian Airlines ընկերության շենքի դիմաց:

«Իրանահայերի լրատու» ցանցի փոխանցմամբ, ցույցի ընթացքում զոհերի հարազատները հրապարակել են ընկերությանն ու Իրանի իշխանություններին ուղղված 14 կետերից բաղկացած մի բանաձեւ, որը հանձնվել է պատասխանատուներին։ Ընկերության պատասխանատուները ցուցարարներին հրավիրել են ներս՝ բացատրություններ տալու, սակայն ցուցարարները պահանջել են, որ պատասխանատուները դուրս գան եւ բացատրություններ տան բողոքող հանրությանը։

Ցույցը կազմակերպվել էր ինքնաբուխ՝ զոհերի հարազատների միջոցով եւ անցել է խաղաղ: Միայն «Ալիք»-ի ֆոտոթղթակից Արտեմ Ղարիբյանը ձերբակալվել է կարգապահական ուժերի կողմից, երբ փորձում էր նկարահանել Caspian Airliens-ի առջեւ բողոքավորների ցույցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել էր 168 մարդ: Նրանք բոլորը զոհվել էին: