Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ճաո Մինգվենը ստորագրեցին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախատեսվում է նշված գումարի շրջանակներում ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, իսկ դրա զգալի մասը կօգտագործվի Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՉԺՀ նախագահ Հու Ձինտաոյի միջեւ:

Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում ՉԺՀ կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության եւ տրանսպորտի բնագավառում: Այս տարի ավարտին հասցվեց 249 քաղաքային ավտոբուսների ձեռք բերման ծրագիրը: