Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նրանց այցը Հայաստան, ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի այցը զգալիորեն կնպաստի մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Հովիկ Աբրահամյանի կարծիքով Հայաստանի եւ Ալժիրի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը ընդգծեց նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւորությունը` նշելով, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է իր ներդրումն ունենալ երկու երկրների միջեւ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում: Նրա համոզմամբ միջխորհրդարանական համագործակցության արդյունավետությանը մեծապես նպաստում են պատգամավորական բարեկամության խմբերը, ինչպես նաեւ փոխադարձ այցերը բոլոր մակարդակներով: Հովիկ Աբրահամյանը Մուհամեդ Կամել Ռեզագ Բառային խնդրեց Ալժիրի խորհրդարանի երկու պալատների նախագահներին փոխանցել Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

Ալժիրի նախագահի խորհրդականը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նույնպես կարեւորեց Հայաստանի հետ փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով: Նրա համոզմամբ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը մեծապես կնպաստի քաղաքական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Երկուստեք շեշտվեց, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների արդյունքում: