Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների կարգավորմամբ կլավանան նաեւ հարաբերությունները Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն։ «Մենք պետք է ճիշտ հասկանանք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տրամաբանությունը. նա ասել է, որ դաշինքը փորձում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ այն, որ դա կարող է անդրադառնալ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա»,- հայտարարել է Վաշաձեն՝ մեկնաբանելով Անդրես Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը։

Նախարարի խոսքով, ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ Ռուսաստանը գիտակցում են, որ 2008թ. պատերազմից հետո Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները «լրջորեն վնասվել են»։

«Այդ հարաբերությունները կլավանան, եթե Ռուսաստանի ներկայիս իշխանությունները քաղաքակիրթ վարվելակերպ սովորեն»,- հավելել է Վաշաձեն։