Թե ով է իրական ընդդիմությունը, որոշում է ժողովուրդը, եւ ոչ թե եվրոպական կառույցները: Այդ մասին փետրվարի 2-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Վերջինիս կարծիքով, հանրահայտ է, որ «Հայաստանը ամբողջ մարդկության կողմից իրավամբ համարվում է ուրույն երկիր, բայց վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին մեր ունիկալ լինելը»: Վահան Հովհաննիսյանը իր այդ բառերով քննադատում էր «Ժառանգություն» խմբակցությանը եւ համանուն կուսակցությանը՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի իշխանամետ վարքը քննադատելու եւ ՀՅԴ-ին կեղծ ընդդիմություն որակելու համար:
«Շատ նորմալ է, որ երկրներն ունենում են ներքին վեճերի արտահոսքեր: Ընդդիմությունը հաճախ վիճարկում է իշխանության լեգիտիմությանը, բայց աննախադեպ բան տեղի ունեցավ, ընդդիմության մի հատված փորձում է Եվրոպայի Խորհրդում վիճարկել մեկ այլ ուժի ընդդիմություն լինելը: Այս ունիկալ իրավիճակը պատիվ չի բերում մեր ժողովրդին ու հասարակությանը»,- ազդարարել է Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «եղածը դաս է բոլոր նրանց, ովքեր փորձում են Հայաստանի ներքին խնդիրները լուծել արտաքին ասպարեզում»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն մինչեւ 2009թ. եղել է իշխանական կոալիցիայի անդամ եւ երբեւէ աչքի չի ընկել գործող քաղաքականության քննադատությամբ եւ միայն հայ-թուրքական գործընթացի սկզբում լքեց կոալիցիան:




























