Հայաստանի ներկա վարչախումբը միջազգային հարաբերությունների ասպարեզում ինքն իրեն ի սկզբանե դրել է այնպիսի խոցելի վիճակի մեջ, որն առաջացրել է Ղարաբաղյան հարցում աննախադեպ միջազգային ճնշումներ: Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

ՀԱԿ-ը նշում է, որ նման իրավիճակում Սարգսյանի վարչախումբը հանդես եկավ ճգնաժամը կարգավորելու մի ծրագրով` այսպես կոչված «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության շրջանակներում:

""Նախաձեռնողական" այդ քաղաքականության էությունն էր Ցյուրիխյան ուրացման գործարքը, որով ռեժիմը ընդունել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջը` սահմանը բացելու խոստման դիմաց",- նշում են ՀԱԿ պատասխանատուներն ու հավելում, որ «արտաքին քաղաքականության տեսակետից այս ծրագիրը հիմնված է անհեռատեսության եւ սխալ հաշվարկների վրա, իսկ ներքին քաղաքականության տեսակետից՝ ուղղակի հանցավոր է, քանի որ հետապնդում է հասարակության ապատեղեկացման եւ ժողովրդավարության ճնշման նպատակներ»:

«Ինչպես եւ մենք զգուշացրել էինք, Թուրքիան սահմանի բացման հարցը հետեւողականորեն կապելու է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն կարողանալու այնպիսի ճնշումներ գործադրել, որոնք կփոխեին այդ դիրքորոշումը: Այս իրողությունը արդեն ակնհայտ է բոլորի համար, եւ միայն վարչախմբի խոսնակները շարունակում են բութ համառությամբ այն ժխտել»,- նշում է ՀԱԿ-ն ու արձանագրում.

«Ոչ միայն Ղարաբաղի հարցում չթուլացան ճնշումները, այլ ընդհակառակը՝ դրանց աննախադեպ ինտեսիվության պայմաններում Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Թուրքիան օգտագործեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղյան բանակցություններում ներգրավվելու նպատակով եւ արդեն ստանձնել է Մինսկի խմբի դե ֆակտո համանախագահի դեր, ինչը բացասական ազդեցություն կունենա Ղարաբաղի հարցի կարգավորման վրա։

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ըստ էության վերածվեց պաշտոնական մեղադրանքներով եւ վիրավորանքներով լի հայ-թուրքական հակամարտության», նշված է ՀԱԿ հայտարարության մեջ: