Հայաստանի ֆինանսների նախարարությունը այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կրկին հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ առեւտրային բանկերին տրամադրվել են բավարար քանակությամբ տեխզննման կտրոններ:
«Այս տարի ՀՀ ֆինանսների նախարարությունը տպագրել է ավելի շատ քանակությամբ կտրոններ, քան՝ անցյալ տարի: Միայն դեկտեմբերի 5-ին, 6-ին, 11-ին եւ 14-ին ՀՀ բոլոր առեւտրային բանկերին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ընդհանուր թվով 36950 կտրոն, ընդ որում ելնելով պահանջարկից՝ դեկտեմբերին ՀՀ առեւտրային բանկերին նաեւ լրացուցիչ քանակությամբ տեխզննման կտրոններ են տրամադրվել, այդ թվում՝ դեկտեմբերի 19-ին Արարատ բանկին տրամադրվել է 3 000 կտրոն, Արդշինինվեստբանկին՝ 3 000 կտրոն, Հայէկոնոմբանկին՝ 5000 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 4000 կտրոն, դեկտեմբերի 21-ին՝ Արդշինինվեստբանկին՝ 2000 կտրոն, Կոնվերսբանկին՝ 1000 կտրոն, Պրոմեթեյբանկին՝ 100 կտրոն, դեկտեմբերի 24-ին՝ Հայէկոնոմբանկին՝ 567 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 2000 կտրոն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ եւս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը առեւտրային բանկերին տրամադրել է բավարար քանակությամբ տեխնիկական զննման կտրոններ»,-նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Այնուամենայնիվ՝ նշենք, որ բանկերում տեխզննման կտրոնների բացակայության մասին դժգոհություններ ստանում է նաեւ NEWS.am-ը: Իրականում՝ բանկերին տրամադրված կտրոնները հավասարաչափ չեն բաշխվում մասնաճյուղերի միջեւ, ինչի հետեւանքով քաղաքացիները հաճախ մերժում են ստանում: Տարակուսանք է հարուցում նաեւ այն փաստը, որ պաշտոնական հաղորդագրությունները չեն հայտնում այն մասին, թե իրականում բանկերում ստուգումներ իրականացվե՞լ են, թե՝ ոչ: Կարծում ենք՝ ճիշտ չէ բավարարվել բանկերին շատ կտրոններ տրամադրելով: Հարկավոր է նաեւ վերահսկել, թե ինչպես են դրանք բաշխվում:





























