Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ճգնաժամերի կանխարգելման եւ վերականգնման բյուրոյի պատվիրակությանը՝ Նեյջլ Քալսոնի գլխավորությամբ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Նեյջլ Քալսոնը ներկայացրել է ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի նպատակը, այն է` իրականացնել Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կազմակերպությունների կարողությունների գնահատում, մշակել աղետների կանխարգելման գործողությունների ծրագիր` ներառելով առաջարկներ Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում նշված ոլորտում առկա իրավիճակի եւ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է բնական աղետների նկատմամբ բարձր ռիսկային գոտում, ուստի այս ոլորտում բարեփոխումները պետք է խորացվեն: Եթե ճգնաժամերի կառավարման արդյունավետ համակարգ ձեւավորվի, հնարավոր կլինի լավ արդյունքներ գրանցել: Անհրաժեշտ է միջազգային հանրության ջանքերը կենտրոնացնել այս ոլորտում որոշակի ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանում հաջողված փորձը կարող է տարածվել տարածաշրջանի այլ երկրների վրա: