Հայաստանի ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Պ.Ս.-ն ծեծել է ծառայակցին, երբ վերջինս ասել է, թե նա գիրացել է: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 19-ամյա Պ.Ս.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով եֆրեյտոր, 2-րդ գումարտակի մասնաշենքի հարակից տարածքում զրույցի է բռնվել նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Վ.Վ.-ի հետ եւ բռնություն գործադրելով` բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին:

Բռնության պատճառ է հանդիսացել  Վ. Վ-ի կողմից գիրանալու վերաբերյալ իրեն ուղղված արտահայտությունից: Դրանից վրդովվելով՝  Պ.Ս.-ն նախ վեճի է բռնվել, ապա բռնություն գործադրելով` բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին: 

Քրեական գործ է հարուցվել 359 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով)

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: