Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ բյուրոն ընդունել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառման»  RL1-040  կանոնը: Նշված կանոնը ուժի մեջ է մտնում 2013թ.-ի հունվարի մեկից:

Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների կամ բոնուսների եւ մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա:

Մասնավորապես՝ 2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3% -ի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար: Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան:

Միաժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր վարորդներին 2013 թվականի հունվարի մեկից սկսած լինել առավել ուշադիր եւ զգոն՝ ավտովթարներից խուսափելու համար, որովհետեւ այդ ժամանակաշրջանից սկսած տեղի ունեցած պատահարները հետագայում հիմք են հանդիսանալու ապահովագրավճարների նկատմամբ էականորեն խիստ հավելավճարներ  կամ մալուսներ կիրառելու համար :

 ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման RL1-040  կանոններին կարող եք ծանոթանալ Բյուրոյի ինտերնետային կայքում:

Բյուրոն նաեւ հայտնում է, որ ԱՊՊԱ համակարգը շարունակում է գործել եւ հորդորում վարորդներին ժամանակին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր` հետագա տուգանքներից խուսափելու համար: