Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը.

Ինչպե՞ս եք գնահատում 2012 թ. բյուջեի կատարողականի ընթացքը, ինչպիսի՞ չնախատեսված ռիսկերի բախվեցիք:

2012 թվականի պետական բյուջեի կատարողականը հարթ եւ սահուն ընթացք ունեցավ, կատարողականի առումով չնախատեսված ռիսկերի չենք բախվել, քանի որ եկամուտների հավաքագրումը տեղի է ունեցել պլանավորված մակարդակով: Միեւնույն ժամանակ՝ այն բոլոր ծախսերը, որոնք կապված չեն վարկային ծրագրերի հետ, ամբողջությամբ կատարվել են:    Սակայն պետք է նշել, որ վարկային ծրագրերի չկատարումները 2012 թվականի յուրահատ-կությունը չեն, նախորդ տարիներին նույնպես նման իրողություններ արձանագրվել են:  Ամփոփելով՝ պետական բյուջեի կատարողականի ընդհանուր գնահատականը դրական է, եկամուտները ամբողջ ծավալով կատարվել են, իսկ ծախսերի թերակատարումները հիմնականում պայմանավորված են արտածին գործոններով:

Ի՞նչ է Ձեզ համար բյուջեն. «ժողովրդի փո՞ղ», թե՞ «պետության աշխատավարձ» (երկուսն էլ մեջբերում են պատգամավորի խոսքերից):

Երկու մեջբերումներն էլ փոխաբերական իմաստով կարելի է օգտագործել: «Ժողովրդի փող» արտահայտությունը թերեւս ավելի ընկալելի է, քանի որ բյուջեն դա ժողովրդի կամ հասարակության փողի այն մասն է, որը քաղաքական մեխանիզմների ու պետական ապարատի միջոցով է բաշխվում: Ընդ որում նմանատիպ այլ բնորոշումներ նույնպես կարելի է տալ, օրինակ՝ ինձ դուր է գալիս «հասարակական առաջնահերթությունների չափաբերում» արտահայտությունը:  Կարծում եմ, որ «պետության աշխատավարձ» ձեւակերպումն այնքան էլ ցանկալի չէ: Քանի որ պետության իմաստը կարող է մեկնաբանվել փիլիսոփայորեն տարբեր կերպով  (օրինակ, պետության հոբբսյան եւ  լոկյան մոդելներն էապես տարբեր են) «պետության աշխատավարձը» եւս կարող է տարաբնույթ ձեւով ընկալվել:

Հնարավոր է՞ բյուջեի միջոցով իսպառ վերացնել աղքատությունը:

Աղքատությունը երբեք հնարավոր չէ վերացնել հրամանագրով կամ այլ կառավարության որոշումով: «Աղքատություն» հասկացությունն ունի բազմաթիվ եզրեր, եւ դրանցից կարեւորագույնը աղքատության բացարձակ եւ հարաբերական ցուցանիշներն են, որից վերջինը հնարավոր չէ վերացնել բյուջեի կամ որոշումների միջոցով: Եթե մենք խոսում ենք աղքատության բացարձակ ցուցանիշների կամ որոշակի կենսամակարդակի ապահովման մասին, ապա տեսականորեն պետական բյուջեի միջոցով հնարավոր է ապահովել եկամուտ-ների որոշակի մակարդակ: Բայց իսպառ վերացնել հարաբերական աղքատությունը միայն պետբյուջեի միջոցով՝ հնարավորինս հավասարեցնելով բոլոր եկամուտները,  աշխարհի որեւէ երկրում իրատեսական չէ: Իհարկե կան նավթային կամ այլ ռեսուրսներ ունեցող երկրներ, որոնք ի վիճակի են սոցիալական տրանսֆերների միջոցով ապահովել որոշակի մինիմալ կենսամակարդակ (բնակարան, սնունդ եւ այլն), բայց դա հավասարության հարցը չի լուծում:

Ի՞նչ կերպ է Ամանորն անդրադառնում բյուջեի կատարման ընթացքի վրա: Դրանք բացասակա՞ն, թե՞ դրական ազդեցություններ են:

Ամանորը՝ որպես միջոցառումների համալիր, իհարկե, բյուջեի կատարման վրա  էական ազդեցություն անմիջականորեն չունի, սակայն տնտեսական պրոցեսների միջոցով  միջնորդավորված ազդեցություն թողնում է: Ամբողջ աշխարհում նախաամանորյա գնումների ծավալը մեծանում է, տնտեսական ակտիվությունը նույնպես հասնում է որոշակի բարձրակետի: Այս տեսակետից, տարեւերջյան սպառման մեծացումը (թե պարենային, թե ոչ պարենային ապրանքների գծով) իհարկե, ընդհանուր առմամբ ազդում է տնտեսական ակտիվության վրա: Ավելանում են եկամուտները, սակայն հարկերը դրանցից անմիջապես՝ հենց գործարքի պահին չեն գանձվում, կարող են լինել նաեւ դրանից առաջ կամ հետո՝ ասենք ներմուծման ժամանակ, կամ վաճառքից հետո հարկերը վճարելու պահին:

Քանի որ Ամանորը համընկնում է նաեւ ֆինանսական տարվա սկզբի կամ ավարտի հետ, սա եւս բերում է որոշակի յուրահատկությունների: Ամանորի նախաշեմը նաեւ ծախսումներն ամփոփելու ժամանակահատված է, եւ բոլոր նախարարությունները, գերատեսչությունները ձգտում են իրենց բոլոր խնայողություններն արագորեն ծախսել: Հաճախ, իհարկե, դա չի հաջողվում, բայց ակնհայտ է, որ վաճառողների մոտ առկա է առնվազն վարքագծային շեղում:

Ամանորին սիրում ե՞ք հյուր գնալ եւ հյուր ընդունել:

Ամանորին սիրում եմ թե հյուր գնալ եւ թե հյուրեր ընդունել: Սակայն կարեւորում եմ չափի զգացողությունը եւ կարծում եմ, որ բոլոր-բոլորին առնվազն երկու անգամ հանդիպելը՝ թե սեփական եւ թե արտագնա «դաշտում», այնքան էլ լավ սովորություն չէ:

Որն է՞ Ձեր ամանորյա սիրելի կենացը:

Առողջ եւ հաջողակ տարի մաղթելը: