Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն ՀՀ իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ, «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին: Արձանագրելով, որ Բաբաջանյանի առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, հայտարարության հեղինակները նշել են, որ նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը կարելի է բուժել բարձրակարգ բժշկական միջամտությամբ, ինչը հնարավոր է միայն նրա ազատության մեջ գտնվելու պարագայում:

«Բաբաջանյանը օրենքի սահմաններում մի քանի անգամ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն է ունեցել, սակայն այն մշտապես մերժվել է: Այս անհիմն ու ապօրինի մերժումներով ՀՀ իշխանությունները մեկ ավելորդ անգամ եւս ապացուցել են, որ նրա նկատմամբ ընդամենը հաշվեհարդար է կայացվում եւ, որ նրա նկատմամբ սկսված քրեական հետապնդումը, խտրական մոտեցման օրինակ հանդիսացող դատավարությունը, իր խստությամբ անօրինակ դատավճիռը պայմանավորված են միայն նրա մասնագիտական գործունեությամբ եւ տեղավորվում են հայաստանյան իշխանությունների դաժան ու մարդատյաց գործելաոճի շրջանակներում»,- նշել են հայտարարության հեղինակները՝ ՀՀ իշխանություններից պահանջելով անհապաղ ազատ արձակել Արման Բաբաջանյանին, «առավել եւս, որ նրա պատժի ավարտին հաշված օրեր են մնացել»: