Թուրքիան ադրբեջանական գազի ներկայիս գներն անընդունելի է համարում, եւ գնելու է գազը նոր, համաձայնեցված գներով: Այդ մասին նախօրեին Անկարայում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«2008թ. ապրիլի 15-ից մենք Ադրբեջանից գազ ենք գնում մի գնով, որն անընդունելի ենք համարում: Մենք գազը գնելու ենք նոր, համաձայնեցված գնով: Մենք դա ասել ենք նաեւ ադրբեջանական կողմին: Հավատում ենք, որ գազի ներկայիս գները երկար անփոփոխ չեն մնա»,- հայտարարել է թուրք նախարարը:

Յըլդըզի խոսքով, թուրքական կողմը պատրաստ է գազի գնի բարձրացմանը, քանի որ վաղօրոք է իր հաշվարկներում ներառել գազի նոր գինը:

«Մենք այնպես ենք որոշել գազի գինը, որ այն չի ոտնահարում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի շահերը»,- նկատել է նախարարը:

Խոսելով «Շահ Դենիզ» նախագծի մասին՝ Յըլդըզը հայտնել է, որ այդ նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հետ խնդիրներ չկան:

Նախարարը նշել է նաեւ, որ երկրին անհրաժեշտ է ատոմային էներգիա ստանալ. «2010 թվականը լինելու է երկրում ատոմային էներգետիկայի զարգացման տարի»:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են թուրքական ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Տենդերում հաղթող է դարձել ռուս-թուրքական կոնսորցիումը: