Մեքսիկայի հրուշակագործները 9,4 տոննանոց անվճար  հյուրասիրություն են կազմակերպել Մոգ-արքաների օրվա առթիվ, որը նշվում է հունվարի սկզբին. Մեխիկոյի Սոկալո կենտրոնական հրապարակում հինգշաբթի օրը դադարեցվել էր երթեւեկությունը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան  համտեսել խոհարարական արվեստի այդ ստեղծագործությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղի քաղաքապետարանի տվյալներով` թխվածքի երկարությունն այս տարի 1,9 կմ էր: Այն դրված է եղել Սոկալոյի պարագծով տեղադրված սեղաններին: Հրուշակագործները կարծում են, որ կարկանդակը համտեսել են մայրաքաղաքի մոտավորապես 200 հազար բնակիչներ եւ հյուրեր: Հսկայական կարկանդակը համտեսելու  գործընթացը տեւել է ընդամենը կես ժամ, ընդ որում` առաջին կտորը կտրել է Մեխիկոյի նոր քաղաքապետ Անխել Մանսերան:

Կարկանդակը պատրաստելուն մասնակցել է շուրջ 2,2 հազար մարդ: Դրա արժեքը գնահատվում է 1,1 միլիոն մեքսիկական պեսո (91 հազար դոլար): Մեխիկոյում ամեն տարի ավանդաբար նման կարկանդակ են պատրաստում, այն կոչվում է  «Արքաների կրենդել» (Rosca de Reyes), սակայն տեսքով եւ համով ավելի շատ հենց կարկանդակ է հիշեցնում: