Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ վերջինիս փոխանցելով տեղեկատվական ոլորտի մի շարք կազմակերպություների մտահոգությունները` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին" օրինագծի շուրջ: «Ընդ որում, խնդրահարույց են դիտվում ոչ միայն օրինագծի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող առանձին դրույթները, այլեւ առհասարակ կասկածի տակ է դրվում օրինագծով կարգավորվող հարաբերությունների` իրավական ակտով կանոնակարգելու իրավաչափությունը: Խնդիրը սակայն ոչ այնքան վերոնշյալի, որքան նախագծի, թերեւս, կոնցեպտուալ թերացումների մեջ է», — նամակում գրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Նամակում կետ առ կետ նշված են խնդրահարույց դրույթները: Օրինակ՝ "նախագծի 4.2 հոդվածի 4 եւ 5 կետերի դրույթները լրագրողին ըստ էության պարտավորեցնում են հրապարակել բացառապես ստուգված փաստեր: Մինչդեռ, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նախատեսված են բազմաթիվ բացառություններ այդ ընդհանուր կանոնից: Այսպես, օրինակ, «Թյորգեր Թյորգերսոնն ընդդեմ Իսլանդիայի» գործով Եվրոպական դատարանը, անդրադառնալով հրատարակված հոդվածում տեղ գտած փաստերի ճշմարտացիության խնդրին, նշել է. «Հոդվածում տեղ գտած մի շարք փաստեր հիմնվում են այլ անձանց պատմածների եւ տարածված լուրերի, կարելի է ասել` ոստիկանությանը քննադատող հասարարակական կարծիքի վրա… Դիմողը հոդվածում հայտարարել է այն ամենի մասին, ինչ ոստիկանության դաժանության մասին ասել են ուրիշները: Հետեւաբար, հրապարակված փաստերի ապացուցման պահանջ ներկայացնելը` նշանակում է նրան առաջադրել չհիմնավորված եւ անիրագործելի խնդիր»:

Ըստ Հարությունյանի՝ «նախագծի հիշատակված դրույթների օրենսդրական ամրագրումն ինքնին կխախտի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվող արտահայտվելու ազատությունը: Նկատի ունենալով վերոգրյալը` գտնում ենք, որ օրինագիծը ընդունելի չէ եւ լրամշակման կարիք ունի»: