«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը փետրվարի 2-ին հանդիպել են Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը` Եվրոպայի ազատական, ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ: Նրան ուղեկցում էին կուսակցության քաղաքական խորհրդատու Դանիել Տանահատոեն եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի թբիլիսյան բյուրոյի ղեկավար դոկտոր Վոլֆգանգ Յոհնը: Հանդիպման նպատակը եվրոպական եւ հայաստանյան լիբերալ ուղղվածության քաղաքական ուժերի միջեւ համագործակցության խթանումն էր:
Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է կուսակցության քաղաքական, իսկ Ստյոպա Սաֆարյանը` խորհրդարանական գործունեությունը: Քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի ոճրագործության բացահայտման, կուսակցական ու ընտրական համակարգերի, ԶԼՄ-ների եւ տեղեկատվական դաշտի բարեփոխման հրամայականները: «Ժառանգության» ղեկավարները ներկայացրել են նաեւ կուսակցության դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Հատուկ քննարկման առարկա են դարձել խորհրդարանում կուսակցության գործունեությունը խոչընդոտելու փաստերը, որոնց օրերս ավելացել է եւս մեկը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ, այդ կառույցում Եվրոպայի ժողովրդական կուսակցություն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի պատգամավորական պարտականությունների չկատարման նպատակով վերստին խորհրդարանի ղեկավարության մակարդակով դրված արգելքը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ կուսակցության գործունեությունը կասեցնելուն ուղղված պատվիրված կոչերին, ինչպես նաեւ` իշխանության վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ներով նրա դեմ իրականացվող կեղտոտ քարոզչությանը:




























