«Նովայա գազետան» երկու շաբաթում Ռուսաստանի Պետդուման ցրելուն կողմ շուրջ 90 հազար ստորագրություն է հավաքել: Ստորագրահավաքն անցկացվում է թերթի կայքում, այնտեղ կարելի է տեսնել քվեարկողների ամբողջական ցանկը:
Պետդուման ցրելու ստորագրահավաքը սկսվել էր 2012թ. դեկտեմբերի 24-ին: Քվեարկության արդարության համար խմբագրությունը ստուգման նոր համակարգ է սահմանել: Քվեարկողները նշել են իրենց անունը, ազգանունը եւ բջջայինի համարը՝ հաղորդագրությամբ անձնական համար ստանալու նպատակով, նշում է «ԱիՖ»-ը:
Այնուամենայնիվ, քվեարկել ցանկացողներն այնքան շատ են եղել, որ կայքը պարբերաբար գերծանրաբեռնվածությունից կախվել է: Առաջին օրերին ստորագրել է 32 հազար մարդ: Թերթի խմբագրությունը մտադիր է ստորագրությունները հավաքել մինչեւ 2013թ. փետրվարի 1-ը:
Խորհրդարանը ցրելու ստորագրահավաք սկսվել էր այն բանից հետո, երբ պատգամավորներն արհամարհել էին հարյուր հազարավոր ստորագրություններն այն օրենքի դեմ, որն արգելում էր ամերիկացիներին որդեգրել ռուս որբերին:




























