2012թ. վերջին Ռուսաստանի կառավարությունը Ղազախստանի կառավարությանը պաշտոնական նոտա է ներկայացրել` պահանջելով բացատրություն տալ Ղազախստանի Տիեզերական գործակալության ղեկավար Թայգաթ Մուսաբայեւի՝ երկու երկրների տիեզերական համատեղ նախագծերին առնչվող հայտարարության վերաբերյալ: Այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:
Ռուսական կառավարության աղբյուրը «Կոմերսանտին» հայտնել է, որ «նոտան պատրաստվել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի գրասենյակում»: «Այժմ մենք պատասխանի ենք սպասում, քանի որ «Կազկոսմոսի» ղեկավարի արտահայտությունները անտեղի կտրուկ եւ նրա իրավասությունների շրջանակից դուրս են եղել», – ասել է նա:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին Ղազախստանի խորհրդարանում ելույթի ժամանակ Թալգաթ Մուսաբայեւը հայտարարել էր, որ Ղազախստանը եւ Ռուսաստանը դիտարկում են Բայկոնուր քաղաքը Ղազախստանին հանձնելու հնարավորությունը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի կեսերին, Բայկոնուրի աղբյուրը հայտնել էր, որ ռուս-ղազախական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի «Բայկոնուր» համալիրի գծով ենթահանձնաժողովի մակարդակով քննարկվում է ռուսական վարձակալությունից Բայկոնուրի դուրսբերումը:
Մինչդեռ նոյեմբերի սկզբին այն ժամանակ դեռ «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կօգտագործի Բայկոնուրը մինչեւ 2050թ.:




























