Լեհական պետական TVP1 հեռուստաալիքի թղթակիցն երկրի Սեյմի շենք է մտցրել օրինական ճանապարհով ձեռքբերված ռումբեր եւ նույնիսկ փորձնական պայթյուն է անցկացրել։ Այդ ձեւով լրագրողն ապացուցել է Սեյմի անվտանգության համակարգի խոցելիությունը։

Փորձը կատարվել է «Հենց այնպես» հաղորդման համար դեկտեմբերին՝ կրակովցի գիտնական քիմիկոսի ձերբակալությունից հետո, որին մեղադրում էին Սեյմի պատգամավորների դեմ ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Դրանից հետո հայտարարվել է խորհրդարանի անվտանգության համակարգի ամրապնդման մասին, հաղորդում է «Դնի.ռու»-ն։

Համարյա պատրաստի երեքկիլոգրամանոց ռումբը պայուսակում, առանց անցաթղթի, չհսկվող կողային մուտքից հեռուստատեսության թղթակիցն անարգել անցել է խորհրդարանի օժանդակ շենք։ Այնտեղից նկուղով նա ներթափանցել է Սեյմի գլխավոր շենք՝ նիստերի դահլիճ։ Նրան նաեւ հաջողվել է ներկա լինել նախկին վարչապետ, Ժողովրդավարական ձախ ուժերի միության առաջնորդ Լեշեք Միլերի մամուլի ասուլիսին եւ մտնել ստորգետնյա կայանատեղի։

«Դա ցնցող ու վրդովեցնող է», – հայտարարել է խորհրդարանի խոսնակ Էվա Կոպաչը, ում հեռուստաալիքը խնդրել է մեկնաբանել փորձի արդյունքները։