Բրյուսելում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպել է Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նշվել է, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում` Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն են հայտնել:
Շտեֆան Ֆյուլեն երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարության որոշման համար, որով ԵՄ քաղաքացիները կարող են առանց վիզաների ձեռքբերման մուտք գործել Հայաստան:
Հովիկ Աբրահամյանը նույն օրը հանդիպեց Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ:
Քննարկման ժամանակ կարեւորվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում` այն փաստը, որ ԵՄ Արեւելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած է «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում` ավելի շատ բարեփոխումների դիմաց:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` ԱԺ նախագահը վստահեցրեց, որ, անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից եւ մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ճանապարհը: Հայաստանը հաստատակամ է եվրոպական չափանիշներին համապատասխան խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում: Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլեւ արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է:
Հունվարի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ:





























