Անկարա է ժամանել Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Ռեյ Օդիերնոն, ով հայտնի է տարիներ առաջ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ իր սկանդալային «պարկերի ճգնաժամով» ։

Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատարը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի հետ եւ քննարկել PKK-ի դեմ պայքարելու խնդիրները։ Գեներալ Ռեյին ուղեկցել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Իրաքում Թուրքիայի դեսպանը, թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար եւ հետախուզության ծառայության (MIT) գլխավոր խորհդականը։ Քննարկան հիմնական թեման եղել է Հյուսիսային Իրաքում քրդական ճամբարների գոյության հետ կապված խնդիրները եւ PKK-ի դեմ երեք ճակատով պայքարելու մեխանիզմներ ստեղծելու մանրամասները։

NEWS.am-ը հիշեցնում է, որ գեներալ Ռեյ Օդերիոն Թուրքիայում հայտնի է պարկային գեներալ անվամբ։ 2003 թվականին Իրաքի հյուսիսային Սուլեյմանիե քաղաքում ԱՄՆ զինուժերի կողմից ձերբակալվել էին 11 թուրք զինվորականներ, որոնց գլխին պարկեր էին հագցրել եւ տեղափոխել Բաղդատ։ Ծեծված եւ վիրավորանքների արժանացած 11 թուրք զինվորականները 60 ժամ հետո էին ազատ արձակվել։ Հայտնի է, որ թուրք զինվորականների գլխին պարկեր հագցնելու մեջ գլխավոր դերակատարն է եղել գեներալ Ռեյ Օդերիոն։