Ամբողջ աշխարհում ավելի քան 100 միլիոն քրիստոնյաներ հալածանքների են ենթարկվում, ասված է World Watch List միջազգային բարեգործական քրիստոնեական Open Doors կազմակերպության զեկույցում: Քրիստոնյաների նկատմամբ բռնությունների աճի առումով առաջատարն են Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան եւ Աֆղանստանը:

Հյուսիսային Կորեան արդեն 11-րդ անգամն է գլխավորում  այն 50 երկրների ցանկը, որտեղ առավել դաժան հետապնդման են ենթարկվում քրիստոնյաները: Հյուսիսային Կորեայում հարկադիր աշխատանքային ճամբարներ կան, որտեղ ստիպված են աշխատել 50-70 հազար քրիստոնյաներ, ովքեր մարտահրավեր են նետել Կիմ Իր Սենի մշակած չուչխեական  մարքսիզմին:

Սիրիան 36-րդ տեղից հայտնվել է 11-րդ հորիզոնականում, քանի որ քրիստոնյաները երկրում գնալով ավելի հաճախ են իսլամիստ ծայրահեղական գրոհայինների հարձակման թիրախ դառնում: 38-ից 15-րդ հորիզոնական է տեղափոխվել Եթովպիան, որտեղ  իսլամիստ ծայրահեղականների կողմից հարձակումների եւ բողոքական նոր շարժումների դեմ բռնությունների աճ է արձանագրվել:

Յոթերորդ տեղում Մալին է: 2012թ. այն World Watch List-ի ցուցակում չկար, սակայն տուարեգների եւ իսլամիստների կողմից իշխանությունը զավթելուց հետո երկրի հյուսիսում սկսեցին կիրառվել շարիաթի ծայրահեղական դրսեւորումներ, ինչը հանգեցրեց եկեղեցիների հրդեհման եւ երկրից քրիստոնյաների փախուստի:

Վերջերս քրիստոնյաների հանդեպ հալածանքների սաստկացումներ են նկատվում Տանզանիայում, որը 24-րդ տեղում է, Քենիայում (40), Ուգանդայում (47) եւ Նիգերիայում  (50): Էրիթրեան 11-ից տեղափոխվել է 10-րդ տեղ, սպառնալից իրավիճակ է Սոմալիում (5) եւ Նիգերիայում (13): Այս իրավիճակն արտացոլում է Աֆրիկայում իսլամի տարածումը:

Ըստ Zarusskiy.org-ի՝ «Open Doors 2013»-ի զեկույցից կարելի է եզրակացնել, որ Մերձավոր Արեւելքից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա ընկած տարածքում իսլամի տարածումը կարող է ոչնչացման վտանգ ստեղծել քրիստոնեության համար: Իսլամը գերիշխող կրոն է անհանգիստ Մերձավոր Արեւելքում, որտեղ 356 մլն բնակիչներից նվազագույնը 20 միլիոնը քրիստոնեության հետեւորդ են: Այս միտումը տարածվում է նաեւ Սահարայից հարավ ընկած հատվածում:

Open Doors-ը միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպություն է, որի նպատակն է օգնել քրիստոնյաներին այն երկրներում, որտեղ նրանց նկատմամբ հալածանքներ եւ ճնշումներ են կիրառվում: