Երեկ` հունվարի 10-ին երեկոյան Անթիլիասի Մայրավանք է այցելել Կիպրոսի Հանրապետութեան նախագահ Դիմիտրիս Քրիսթոֆիասը: Նախագահին ուղեկցել է նախարարներից եւ պատգամավորներից բաղկացած 18 հոգանոց պատվիրակությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից հայտնում են, որ առաջին հերթին նախագահը ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում արծարծվել են Լիբանանի ու Կիպրոսի, ինչպես նաեւ Հայաստանի ու Կիպրոսի հարաբերությունների, կիպրահայ համայնքի եւ ազգային պահանջատիրությանն առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո Վեհափառ Հայրապետն ու Կիպրոսի նախագահն իրենց ողջույնի խոսքերը հղեցին: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Կիլիկյան շրջանից սկսած հայ-կիպրական հարաբերություններին, հայտնել, որ Կիպրոսը մնայուն ներկայություն ունի հայ ժողովուրդի կյանքի ու պատմության մեջ: «Այսօր մեր երկու ժողովուրդները պահանջատեր են. մեր դատը արդարության դատ է: Երբ թուրքը կուրանա իր գործած ցեղասպանությունը, երբ թուրքը կշարունակի բռնագրավման տակ պահել Կիպրոսի կեսը, միջազգային համայնքը չպետք է անտարբեր մնա՝ միջազգային օրենքը անտեսող Թուրքիայի այս քայլերի նկատմամբ»,- նշել է Արամ Առաջինը:
Կիպրոսի նախագահը մատնանշել է հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ արդարության վերականգնման պայքարում երկու ժողովուրդների զինակցությունը:
Վեհափառը Կիպրոսի նախագահին պարգեւատրել է Կիլիկյան «Իշխան» շքանշանով:





























