Բրյուսելի դատախազությունը չի բավարարել հպատակագրման գործընթաց սկսելու վերաբերյալ ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոյի հայցադիմումը: Այդ մասին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքի թագավորական դատախազ Ժան Մարկ Մեյերը: Ըստ նրա՝ դատախազությունը մերժման մասին որոշումը փոխանցել է Ներկայացուցիչների պալատին: 

«Վզգլյադ»-ի հաղրրդմամբ, Առնոյի հայցադիմումում չի բավարարվել քաղաքացիություն ստանալու գլխավոր պահանջը՝ նվազագույնը երեք տարի թագավորության տարածքում բնակվելը: Նախկինում Առնոն նմանատիպ մերժում ստացել էր Բելգիայի Օտարերկրացիների հարցերով վարչությունից:

Ի հավելումն` Բելգիայի արդարադատությունը հետաքննություն է սկսել այն ընկերությունների ցանցի նկատմամբ, որը վերջերս թագավորությունում գրանցել էր Բեռնար Առնոն: Մասնավորապես, դատախազության ուշադրությունը գրավել է «Պրոտեկտինվեստ» ներդրումային հիմնադրամը, «որի գործունեությանը թափանցիկությունն է պակասում»: Բելգիայի քննիչները հիմքեր ունեն ենթադրելու, որ  տվյալ սխեման Առնոն կարող էր կիրառել հայրենիքում հարկերը վճարելուց խուսափելու համար:

Բեռնար Առնոն աշխարհում շքեղ առարկաների արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության` Louis Vuitton Moët Hennessy խմբի (LVMH) սեփականատերն է: Ըստ Forbes-ի` նրա կարողությունը գնահատվում է  41 միլիարդ դոլար: