Աթենքում հունվարի 11-ի առավոտյան հինգ հայտնի լրագրողների տների մոտ անհայտ անձինք գործի են դրել պայթուցիկ սարքեր։

Շենքերին, որոնցից մեկում բնակվում է ԱՄՆԱ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենը, հասցվել է ոչ մեծ վնաս, մարդկային զոհեր չկան։

Ոստիկանությունը հետաքննում է պատահարները։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, պայթուցիկ սարքերը բաղկացած էին պրոպանի 2 տարաներից։

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթ»-ը, նախօրեին անարխիստները կարճ ժամանակով գրավել են հունական երկու լրատվական՝  հեռուստաալիքի եւ ռադիոկայանի տաղավարներ։ Մոտ 30-ից 40 մարդ ներխուժել են հունական պետական հեռուստատեսության  երրորդ ալիքի տաղավար՝ այնտեղ Աթենքում մոտ 100 անարխիստների կալանավորման հարցի հանդեպ կառավարության բռնած դիրքորոշման դեմ բողոքի ցույց կազմակերպելու համար։Նման ցույց է եղել նաեւ Real Fm ռադիոկայանի տաղավարում։

Ավելի քան 90 մարդու դեմ քրեական գործ է հարուցվել ոստիկանության վրա հարձակման եւ հասրակական կարգի խախտման համար։ Մեկ օր առաջ ոստիկանությունը ցրել է ակտիվիստների ամբոխին, որը փորձել է գրավել Աթենքի կենտրոնում գտնվող շինությունը։ 92 կալանավորվածներից շատերը մեղադրվել են դիմակներ, գլխարկներ եւ սաղավարտներ կրելու համար, որը հունական օրենսդրության համաձայն ծանրացնող հանգամանք է հանդիսանում։